Ամբաստանյալը սպառնաց սպանել վկային եւ քննիչներին․ Կամո Փիրուզյանի սպանության գործով նոր փաստեր են հրապարակվել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 5-ին, շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) և Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստի ընթացքում նախ մեղադրող Տ. Ենոքյանի կողմից հրապարակվեցին քրեական գործում առկա գրավոր ապացույցները։ Դրանց թվում էր գործով վկա Արթուր Մնացականյանի մասնակցությամբ տեղանքի զննության մասին արձանագրությունը, որով վկան նկարագրում և ցույց էր տալիս անտառի այն հատվածը, որտեղ Վահագն Աբգարյանի հանձնարարությամբ ստուգել են Վլադիմիր Դավթյանի ատրճանակից կրակելու ունակությունը, կոճղի վրա տեղադրել են թիրախներ, իսկ Վլադիմիր Դավթյանը ատրճանակով կրակել է թիրախներին ու բոլորը խոցել։ Հրապարակվեց նաև եկեղեցական մատյանը զննելու մասին արձանագրություն, որով պարզվել էր, որ Վահագն Աբգարյանը հանդիսանում է Վլադիմիր Դավթյանի կնքահայրը։ Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ամեն կերպ ամբաստանյալները փորձել են ամիսներ շարունակ պնդել, որ միմյանց չեն ճանաչում։
Այնուհետեւ դատարանն անցավ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արված ձայնագրությունների հրապարակմանը։ Ի տարբերություն նախորդ նիստի, այսօր դատարանն ապահովել էր համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն տվեց լսել ձայնագրությունները։ Չնայած դրան, ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանը շարունակ դժգոհում էր, թե իր համար լսելի չէ ձայնագրությունը, մինչդեռ դատավորն արձագանքեց, որ ինքն ավելի հեռվից նստած ամեն ինչ լսում է, ինչպե՞ս կարող է ամբաստանյալը դա չլսել բարձրախոսների մոտ կանգնած։ Դրանից հետո ամբաստանյալի պաշտպան Հակոբ Ճարոյանը ևս հաստատեց, որ ձայնագրությունները պարզ լսելի են։
Հրապարակված ձայնագրություններով Վահագն Աբգարյանը մեկուսարանում գտնվող Վլադիմիր Դավթյանին սովորեցնում էր, թե ինչ ցուցմունք տա, որ հարցերին ինչ պատասխաններ տա, պատմում էր, որ քննիչները պարզել են իրենց կապը, փորում են հնից, որ իրենք մտերիմ են, որ Վլադիմիրը հանդիսացել է իր թիկնապահը։ Վահագն Աբգարյանը ասում էր Վլադիմիր Դավթյանին, որ ցուցմունքներում նշի, որ իրոք եղել է նրա հյուրանոցի անվտանգության աշխատողը, բայց ասի, որ իրենք շփում չեն ունեցել։ Վահագն Աբգարյանը քաջալերում էր նրան, հարցնում, թե «նայիչ-մայիչները» իրենց ոնց են պահում, զգուշացնում էր, որ եթե հեռախոսն ուզեն իրենից, ինչ-որ բան ջնջի՝ նոր տա, հետաքրքրվում էր նրա կյանքով մեկուսարանում, տեղեկացնում որ փոխանցում է նրան կատարելու և այլն։ Վլադիմիրին քաջալերելով՝ Վահագն Աբգարյանն ասում է նաև, որ իրեն պինդ պահի, մեղադրանքը մեղմացնելու հարցով ինքը զբաղվում է, ու եթե նախաքննության ընթացքում չկարողանա լուծել այդ հարցը, ապա դատարանում հաստատ կլուծի։
Հրապարակվեց նաև Վահագն Աբգարյանի, նրա ծնողների ու վկա Արթուր Մնացականյանի խոսակցությունը, որտեղ Աբգարյանը ներկաներին պատմում է, որ Վլադիմիր Դավթյանն ասել է, թե Կամո Փիրուզյանին ինքը սպանել է, քանի որ իրեն նեղացրել է, բայց քննիչները պարզել են, որ նշված օրը Կամոն Հայաստանում չի եղել։
Հետո զրուցակիցներով քննարկում են այն, որ Վլադիմիր Դավթյանը ինքն իր համար «դրդապատճառ ա գտել», «իրա համար բան ա ստեղծել էլի մեղմացուցիչ» ասելով, թե Կամո Փիրուզյանին սպանել է, որ նա իրեն չսպանի, իսկ սպանելուց հետո հայհոյանքներ է տվել նրան։
Ձայնագրությունում նաև Վահագն Աբգարյանը զրուցակիցներին, այդ թվում ծնողներին ասում է, որ իրեն կարող են ձերբակալել եթե «Վլոն» (Վլադիմիր Դավթյանը) ցուցմունք տա կամ ինքը «պրիզնատ» գա, Աբգարյանը հավելում է նաև, որ «Վլոն պիտի ասի չէ, թե ով է պատվիրատուն, հոմ չի կարող ասել, թե խանութի աշխատողն ա, սաղ ասում են Վահագն ա»։ Ձայնագրությունում Աբգարյանի հայրն ու մայրը պարբերաբար գովում են Դավթյանի ընտրած վարքագիծը։
Ձայնագրությունների մեջ կա նաև Վահագն Աբգարյանի ու Արթուր Մնացականյանի խոսակցությունը, որտեղ Վահագն Աբգարյանն ասում է՝ «Կամոն ոնց էր սաղ օրը մի ոտը Թիֆլիս էր, ձեռսկի .... (հայհոյանք է տալիս) մեջը, մարսեք»։
Նշենք նաև, որ պաշտպանական կողմը պարբերաբար արծարծում էր ՔԿ ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանի անունը, որի կողմից ղեկավարած ստորաբաժանումն է իրականացրել այս գործի նախաքննությունը, ծանրացրել Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը՝ սպանության պատվիրատուի մեղադրանք առաջադրելով Վահագն Աբգարյանին։ Մասնավորապես, Վահագն Աբգարյանն ու նրա պաշտպանը նշում էին, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի ընթացքում տուժող են ճանաչվել Վահագն Աբգարյանի հետ նույն օրը որպես հանցավոր համագործակցության անդամներ բերման ենթարկված անձինք, որոնք մեկ տարի անց, նրա պաշտոնից ազատվելուց հետո պնդում են, թե Վահագն Հարությունյանի կողմից ապօրինություններ են իրականացվել իրենց նկատմամբ։ Դատարանում պարզվեց նաև, որ ՀՔԾ-ում տուժող ճանաչված այդ անձանց շահերը ներկայացնում է նույն փաստաբանը, որը այս գործով Վահագն Աբգարյանի պաշտպանն է։
Ընդ որում, ըստ Վահագն Աբգարյանի՝ Վահագն Հարությունյանը հայհոյել է իրեն։ Սակայն հրապարակված գաղտնալսումներում նույն Վահագն Աբգարյանը պատմում է, որ քննչական վարչությունում գտնվելու ժամանակ ցանկությունը է հայտնել հանդիպել պետի հետ, որը, սակայն, նրան չի ընդունել։
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանը, ով բառացի ասաց, որ եթե այս մեղադրանքով դատապարտվի, միևնույն է դուրս է գալու ու սպանի գործով վկա Արթուր Մնացականյանին ու գործի քննիչներին։