Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Հերոս հարկատուները» պետք է վճարեն, որ իշխանությունները ուզածի պես ծախսեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես օրումեջ գրառումներ, իհարկե, հիմա չի անում: Բայց նախօրեին Ֆեյսբուքում մի գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Փաշինյանը միաժամանակ պարծենում էր, որ 2023 թվականին հարկատուները պետական բյուջե են վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկ և տուրք, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ինչ խոսք, դրական երևույթ է, որ պետությունը կարողանում է մեծ միջոցներ ներգրավել, բայց կա նաև խնդրի մյուս կողմը, թե ինչքանով են այդ եկամուտները նպաստում հանրային բարեկեցությանը և բարելավում քաղաքացիների կյանքը։

Թվում է, թե 5 տարվա կտրվածքով 92 տոկոսով հարկերի ավելացումը պետք է, որ քաղաքացիների կյանքի էական բարելավման հնարավորություն դառնար։ Բայց շարքային քաղաքացու սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ, ընդհակառակը, գնալով անշեղորեն վատանում է։ Սա նույն «շարքից» է, որ Փաշինյանն անընդհատ խոսում էր «թալանվածը վերադարձնելու», «ապօրինի գույքը» բռնագանձելու և նման միֆերի մասին։ Իհարկե, մի քանի քրեական վարույթներ նախաձեռնվել են, ավելին՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու մասին տեսանյութեր են նկարահանվում, բայց եթե ոմանք մտածում էին, թե այդ ամենից իրենք սկսելու են ավելի լավ ապրել, այսինքն՝ մի բան էլ իրենց է հասնելու ինչ-որ ձևով, ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեթեթ էին նման հույսերն ու պատկերացումները: Բայց չշեղվենք. իշխանությունները ոչ միայն չեն բարելավում քաղաքացիների սոցիալական դրությունը, այլև բյուջեն համալրելու նպատակով մտադիր են ավելացնել հանրության պարտավորությունների ծանրությունը՝ հարկերի ու տուրքերի բեռն ավելացնելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ մտադրություններն արդեն կյանքի են կոչել:

Ու այնքան շատ ուղղություններով են իշխանությունները ձեռնամուխ եղել հարկերի, տուրքերի ու տուգանքների բարձրացմանը, որ նույնիսկ հարկ չկա հատ-հատ անդրադառնալու։ Անգամ տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները օրուգիշեր նստած մտածում են, թե էլ որ ոլորտում հարկերն ու տուրքերը բարձրացնեն։ Դեռևս անցյալ տարվանից սկսած էին տնտեսագետները խոսում այն մասին, որ իշխանությունները մտադիր են հարկերն ու տուրքերը բարձրացնել, քանի որ 2024 թվականի համար այնպիսի բյուջե են ներկայացրել, որի կատարման հարցում խնդիր են ունենալու, ու ստիպված են նմանատիպ քայլերի գնալ։ Բնականաբար, այս հարկային բեռը ընկնելու է ոչ միայն գործարար աշխարհի վրա, այլև, ուղղակիորեն կամ անուղղակիորեն «հպարտ քաղաքացիների» ու սպառողների ուսերին՝ այն պարագայում, երբ նրանց եկամուտների էական ավելացում չի նկատվում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը ավելի է վատանալու։ Բայց կա նաև հարցի մյուս կողմը:

Դեռ ինչոր տեղ կարող էր ընկալելի լինել պետբյուջե նոր միջոցներ մուտքագրելու մոտիվացիան, եթե այդ գումարները գոնե արդյունավետ ծախսվեին։ Բայց խնդիրն այն է, որ պետական ֆինանսները ոչ միայն արդյունավետ չեն ծախսվում, այլև շատ դեպքերում ուղղակի վատնվում են։ Այդ միջոցների մի ահռելի հատվածը իշխանությունները ծառայեցնում են ոչ թե հանրության, այլ միայն իրենց շահերին։ Բարձր պաշտոններում ծվարած իշխանականները, որոնք հանկարծ փողոցից հայտնվել են պետական կառավարման համակարգում, ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, երկիրը դարձրել են իսկական «պադավատապետություն», ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, նրանց կյանքը կտրուկ բարելավվել է՝ ի հակադրություն գնալով ավելի աղքատացող «հպարտ քաղաքացիների»։

Հենց միայն իշխանականների հայտարարագրերն արդեն վկայում են, թե ինչպես են նրանք կտրուկ հարստացել պաշտոն կամ մանդատ ստանալուց հետո: Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարությունը միլիոններով գումարների ծախսեր է կատարում այնպիսի նախաձեռնությունների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք բովանդակային առումով հանրությանը ոչինչ չեն տալիս։ Բայց երբ խոսքը որևէ կարևոր կրթական կամ գիտական նախագծի իրականացման մասին է, ապա դրանց համար միջոցներ չեն գտնվի։ Մի խոսքով, ստացվում է, որ «հերոս հարկատուները» պետք է վճարեն հարկերը, որ «ժողովրդի ծառա» իշխանություններն իրենց ուզածի պես ծախսեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում