Հարավային Ասիայի տարածաշրջանային պրոյեկցիան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բազմաբևեռ աշխարհակարգի անցմանը զուգահեռ կարևորվում է Հարավային Ասիայի խոշոր դերակատարների՝ Հնդկաստանի ու Պակիստանի դերակատարությունը։ Ու այս երկու երկրների միջև տասնամյակներ տևող հակամարտությունը որոշակի աշխարհաքաղաքական պատկեր է ձևավորում։ Պակիստանը, ելնելով իր մեծաթիվ բնակչությունից ու աշխարհագրական դիրքից, խոշոր դերակատար է ընկալվում իսլամական աշխարհում, ու պատահական չէ, որ առաջին հերթին կրոնական հողի վրա է ձևավորվում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունն այդ երկրի հետ։ Ու մինչ Իսլամաբադն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունների իրականացման հարցում, Անկարայից ու Բաքվից էլ անընդհատ խոսում են Քաշմիրի հարցում Պակիստանի նպատակներին սատարելու մասին։
Վերջերս էլ Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարեց, թե քաշմիրցիների իրավունքները տասնյակ տարիներ անտեսվել և ոտնահարվել են՝ նկատի ունենալով, իհարկե, Հնդկաստանի վարած քաղաքականությունը։ Ուշագրավ է, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը Պակիստանի օդային տարածքում դիմավորել էին այդ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները և ուղեկցել մինչև վայրէջք։ Ուղեկցելու հանգամանքը մեծ ուշադրության էր արժանացել ադրբեջանական մամուլում՝ գնահատվելով բարձր հարգանքի նշան։ Ուշագրավ է նաև, որ Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո Ալիևը մեկնեց Պակիստանի ռազմաօդային և տիեզերական ուժերի «Նուր խան» հենակայան, որտեղ ծանոթացավ նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների, որ ունակ են միջուկային մարտագլխիկ կրել:
Դեռևս հայտնի չէ, թե սպառազինությունների մատակարարման ինչ պայմանագիր կարող է կնքվել դրա արդյունքում, սակայն պարզ է, որ Պակիստանը գումարի մեծ կարիք ունի, իսկ այդ հարցում կարող է նրան օգնել Ադրբեջանը, որը ահռելի գումարներ է ներդնում սպառազինությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական առումով Պակիստանը ճգնաժամային իրավիճակում է, ինչն անարդյունավետ կառավարման, իսլամական արմատականության տարածման ու ծաղկող կոռուպցիայի արդյունք է։ Ու դա է պատճառը, որ այդ երկրի վարչապետը խնդրում է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որ գումարներ ներդնեն Պակիստանում, մյուս կողմից էլ՝ բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ հերթական խոշոր վարկը տրամադրեն։ Պակիստանի համար տնտեսական առումով մեծ կարևորություն ունի նաև Չինաստանի հետ համագործակցությունը, և Պակիստանը, չնայած այդ երկրին ունեցած ահռելի պարտքերին, անընդհատ Չինաստանից նոր ներդրումներ է խնդրում՝ մանավանդ այն պայմաններում, երբ Արևմուտքը, հաշվի առնելով Պակիստանում չինական ազդեցությունը և ահաբեկչական սպառնալիքը, ձեռնպահ է մնում այդ երկրի հետ համագործակցությունից։
Բացի այդ, Պակիստանը լուրջ հակասություններ ունի ոչ միայն Հնդկաստանի, այլև Աֆղանստանի հետ, որը տարածքային հավակնություններ է ցուցաբերում Պակիստանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ փուշթունների մի մասը բնակվում է Պակիստանում։ Ու Իսլամաբադը մեղադրում է Աֆղանստանում իշխող թալիբներին, որ նրանք աջակցում են պակիստանյան թալիբանին, որն էլ ապակայունացնում է իրավիճակը։ Ու հակապակիստանյան ֆոնի վրա զարգանում են Նյու Դելիի ու Քաբուլի հարաբերությունները։ Բացի այդ, մինչ Պակիստանը խորացնում է համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հնդկաստանը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Ու ռազմական տեսանկյունից Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի, որովհետև հասանելիություն ունի ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական տեխնոլոգիաներին։
Եվ ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հնդկաստանում ռուսական զենքի արտադրության վերաբերյալ։ Եթե դեպի Հայաստան արևմտյան զենքի մատակարարման պարագայում Մոսկվայից որոշակի անհանգստություն է հնչում, ապա Հնդկաստանի պարագայում պատերազմի ճնշման տակ ծանրաբեռնված Ռուսաստանի համար ձեռնտու կարող է լինել, որ Հայաստանում հայտնվի նաև Հնդկաստանում արտադրված ռուսական զենքը։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։ Ռազմական բաղադրիչից բացի, կարելի է զարկ տալ նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Միջազգային հարթակում ևս հայ-հնդկական հարաբերությունները կարող են վճռորոշ լինել։ Թուրքիան ձգտում է անդամակցել ՇՀԿ-ին, Ադրբեջանը՝ ԲՐԻԿՍ-ին, իսկ Հնդկաստանն այս երկու միջազգային կազմակերպությունների անդամ է ու կարող է խոչընդոտել դրանց Թուրքիայի ու Ադրբեջանի անդամակցությանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ