Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան
Գործող իշխանությունները խախտել են իրենց տված ևս մեկ խոստումը։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ կայացած նիստում հրաժարվել է ընդունել Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը։ Ընդ որում, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե իշխանությունը դեմ չէ հոդվածից հրաժարվելուն, բայց ոչ 2026 թ. խորհրդարանական ընտրություններին։
Ըստ 2015 թ. ընդունված Սահմանադրության, եթե ԱԺ ընտրություններում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին և այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա հաղթողը ստանում է բոնուսներ, որ մեծամասնություն կազմի: Փաշինյանը դեռ այն ժամանակ էր դեմ արտահայտվել կայուն մեծամասնության դրույթին, իսկ, իշխանության գալով, խոստացել էր փոխել այդ դրույթը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է հաջորդ ընտրություններին էլ պահպանել այն, հետագայում կանդրադառնան՝ Սահմանադրությունն ամբողջական փոխելու ժամանակ:
Փաստացի, այսօր իշխանությունը հերթական խոստումն է խախտում։ Դրույթը փոփոխելու առաջարկն արել էին քաղհասարակության ներկայացուցիչները։ «ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել: Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունն ավելի կարևոր է, քան մանդատների քանակը», - գրել է Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Հայտնի մեկ այլ «սորոսական» էլ որոշումը «խայտառակ և ամոթալի» էր որակել, հիշեցրել, որ աշխարհի մեկ-երկու երկրում փորձարկված և ձախողված այդ համակարգը ժամանակին դրել էին օրվա իշխող կուսակցության վերարտադրություն ապահովելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրն» այժմ օգտագործում են այն։
Հայաստանի իշխանությունները հայտարարել են 2027-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն այժմ գործող խորհրդի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկում էին չսպասել մինչև 2027 թվականը, այլ այս դրույթը խորհրդարանի քվեարկությամբ փոխել հրատապ՝ մինչև 2026-ի ընտրությունները։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել՝ իր խոսքը գրոշի արժեք չունի։ Իշխանափոխությունից հետո նա բազմիցս խոստացել էր փոխել նաև պետական կառավարման համակարգը, վերադառնալ կիսանախագահական կառավարման, բայց 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, թե խորհրդարանական կառավարման համակարգն ավելի ճիշտ է։
Փաշինյանը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին խոստովանել էր, որ եթե երկրում նախագահական կառավարման համակարգ լիներ, ինքն ընտրվելու շանս չէր ունենա։
Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, թե ով գալիս է իշխանության, Սահմանադրություն է գրում, այնպես, որ իրենք հետո պատասխանատվություն չկրեն։ Իսկ անունը դնում են ճանապարհ դեպի դեմոկրատիա:
Նախկին նախարարը կողմ է սահմանադրական փոփոխություններին, բայց ոչ թե գործող իշխանության տրամաբանությամբ և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու համար, այլ Հայաստանում իրական նախագահական կառավարում ներդնելու նպատակով։ «Հայաստանը պետք է դառնա նախագահական հանրապետություն։ Սա մեր երկրին բնորոշ կառավարման ձև է, որն առավելագույնս համապատասխանում է հայ ժողովրդի շահերին։ Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ Սա Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության կարծիքի արտացոլումն է՝ այն մարդկանց, ում համար պետությունը, հայրենիքը, հայրական տունը, ընտանիքը սոսկ խոսքեր չեն, այլ կյանքի իմաստ, նրանց, ովքեր հարգում են իրենց պատմությունը, հպարտանում հայ ժողովրդի սխրանքներով, իրենց նախնիների իմաստնությամբ ու խիզախությամբ, նրանց, ովքեր չեն մոռանում անցյալի դառը հուշերը և սգում են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որտեղ էլ որ լինի»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում. Գ...
Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ
Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկ...