Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Եղբայրնե՛ր և քույրեր, սիրելի՛ հայեր,
Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու պատմական հանրաքվեն տեղի է ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ: Հենց այս նշանակալի օրը մեր երկրի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 99 տոկոսը կողմ քվեարկեց լիակատար ինքնիշխանությանը։ Ժողովրդի կամարտահայտության հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հռչակեց իր անկախությունը:
Հայ ժողովուրդը երկար տարիներ գալիս էր դեպի այդ օրը։ Իր բազմադարյա պատմության ընթացքում, հաղթահարելով ճնշումներն ու ցեղասպանությունը, հայերը պայքարել են քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության, մշակույթի, սովորույթների ու ավանդույթների պահպանման համար: Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ձեռք է բերել ինքնիշխանության, անկախ արտաքին քաղաքականության և միջազգային կյանքին լիարժեք մասնակցության իրավունք:
Ինքնիշխանություն նշանակում է պետության և նրա ղեկավարների ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանք ի կատար ածելու ունակություն՝ հիմնվելով սեփական տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժի վրա: Հայաստանի ժողովուրդն անդրդվելի է Հայրենիքի հանդեպ իր սիրո մեջ, իր աշխատանքով հսկայական ներդրում է կատարում Հանրապետության բարգավաճման գործում:
Հայաստանն ունի յուրահատուկ բնական և, ամենակարևորը, տաղանդավոր մարդկային ռեսուրսներ, սակայն ներկայիս ղեկավարության դիլետանտիզմի և արտաքին կախվածության պատճառով երկիրը դեռևս չի կարողացել լիարժեք իրացնել իր հնարավորությունները։ Վարչախմբի անգործունակությունն ու ազգային շահերը պաշտպանելու քաղաքական կամքի բացակայությունը հանգեցրեցին հին հայկական հողերի կորստին, որոնց նկատմամբ իրավունքը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այսօր մեզ փորձում են ստիպել այդ դրույթը ջնջել երկրի հիմնական օրենքից։ Հայաստանը հեռացել է իր վստահելի պատմական բարեկամներից ու դաշնակիցներից և հայտնվել աշխարհաքաղաքական ինտրիգների գերության մեջ, որոնք տանում են Հայաստանի՝ որպես պետության վերացմանը:
Սա նշանակում է, որ մեր առջև կրկին խնդիր է դրված պաշտպանել պետականությունը, վերահաստատել ինքնիշխանության իրավունքը և ապահովել Հայաստանի անվտանգությունը, վերադարձնել Արցախի կարգավիճակն ու վերականգնել պատմական արդարությունը։ Սա է «Համահայկական ճակատ» շարժման նպատակն ու անկոտրում գաղափարախոսությունը։ Մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը կախված է յուրաքանչյուրիցս։ Մենք, ինչպես հանրաքվեի օրը, պետք է միասնական լինենք Հայաստանը պահպանելու ձգտման հարցում, պետք է պատրաստ լինենք խիզախորեն, անկախ բոլոր խոչընդոտներից, պաշտպանել ազգային շահերը։ Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև։
Մաղթում եմ մեր հայ ժողովրդին առողջություն, բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...