Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանի հետ «համակեցությունը» ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում․ Ավետիք ՔերոբյանUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՓաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ադրբեջանը հակված չէ խաղաղության․ Աննա ԿոստանյանԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Իշխանությունը հիբրիդային պատերազմ է վարում ազգային արժեքների դեմ․ Արեգ Սավգուլյան Ինչ է պետք անել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի բռնատիրական, ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ վճարած բնապահպանական հարկից շահում են Քաջարանի բնակիչները Պետությունը կիրառում է «Սպառողական զամբյուղի» և «Կարիքի գնահատման» համակցված մոդելը․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան Սա բացահայտ ցինիզմ է․ Մհեր ԱվետիսյանԹոշակ բարձրացնելու համար փող չկա․ Աշոտ ՄարկոսյանՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլը
Քաղաքականություն

Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ի հեճուկս առկա վատատեսական սպասումների, Հայաստանի տնտեսությունը սկսեց բարձր աճ գրանցել։ Աճի աղբյուրը սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտներն էին, որոնք իրենց հետ նաև կապիտալ էին բերում մեր երկիր։ Բայց որոշ ժամանակ անց ռելոկանտները նախընտրեցին հեռանալ, քանի որ Հայաստանում առկա միջավայրը բարենպաստ չէր, վարձակալության գներն արհեստականորեն բարձրացվել էին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանում իրավիճակը սկսեց բարելավվել։ Ռելոկանտների հեռանալուց հետո Հայաստանի տնտեսությունում բարձր աճը շարունակվեց արդեն վերարտահանման արդյունքում։ Սկզբից զարկ տրվեց արևմտյան ծագման ավտոմեքենաների, տեխնիկայի ու սարքավորումների վերարտահանմանը դեպի Ռուսաստան, սակայն Արևմուտքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների սպառնալիքի պատճառով այս ապրանքների վերարտահանման ուղին փակվեց։

Իսկ որոշ ժամանակ անց տնտեսության աճն արդեն հենվում էր Ռուսաստանից ներկրված թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների հումքի ներկրման, ապա վերարտահանման վրա՝ հիմնականում դեպի ԱՄԷ և Չինաստան։ Բայց ոսկերչական ապրանքների վերարտահանման տեմպերը վերջին շրջանում անկում են ապրում։ Ինչպես տեսնում ենք, արտաքին իրավիճակը մշտական փոփոխությունների մեջ է, ու Հայաստանի տնտեսությունը կախված է այդ փոփոխություններից։ Միևնույն ժամանակ, մեր տնտեսական միջավայրի համար արտաքին բարենպաստ պայմանները ևս սկսում են փոխվել։ Ու մինչ վերարտահանման մասնաբաժինը նվազում է, տնտեսության մյուս ճյուղերում առկա բարդ իրավիճակն ավելի տեսանելի է դառնում։ «Լույս» հիմնադրամի՝ վերջերս իրականացրած վերլուծությունում արձանագրվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։

Եվ ուշագրավ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին հուլիսի նկատմամբ կազմել է 5,6 %` դանդաղելով 0,6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվությունը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9 %` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով դարձյալ 0,6 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվության աստիճանական նվազեցումն իր արտացոլումն է գտնելու նաև ֆինանսական գլխավոր փաստաթղթում՝ տարեկան բյուջեում։ Եվ եթե կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է տարեկան նվազագույնը 7 % աճի ցուցանիշ ապահովելու մասին, ապա 2025 թվականի բյուջեի նախագծում, որը վերջերս հաստատվեց կառավարության նիստում, կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն, իշխանությունները ևս գիտակցում են, որ տնտեսական խնդիրների առաջ ենք կանգնելու, ու մի շարք ճյուղերում իսկապես մտահոգիչ իրավիճակ է։

Արդյունաբերության ոլորտում նկատվող աճը շարունակել է պայմանավորված լինել հիմնականում մշակող արդյունաբերության աճով ու աստիճանաբար դանդաղում է՝ հունիս-օգոստոս ամիսներին կազմելով միջինը 1,9 %: Շինարարության ոլորտում աճի տեմպը չնայած դեռևս բարձր մակարդակում է, սակայն աստիճանաբար դանդաղեցման միտումները խորանում են։ Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության առարկա են: Եթե հանում ենք ոսկերչական գործունեության հատվածը, ապա ընդհանուր արտահանման անկումն այս ոլորտում հունվար-հուլիսին կազմել է 12,1 %։ Ու բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական կերպով են ազդել ընդհանուր արտահանման աճի տեմպերի վրա։ Եվ պարզ է, որ եթե տնտեսական ակտիվությունը նվազելու դաշտ է թևակոխում, ապա դրա արդյունքում նվազում են նաև բյուջեի եկամուտները։

Արդյունքում բյուջեի ծախսերը շարունակում են էականորեն բարձր մնալ եկամուտներից, ինչի հետևանքով բյուջեի պակասուրդն աճում է: Մյուս կողմից էլ՝ պետական բյուջեի վրա մեծանում է ճնշումը, քանի որ պետական պարտքը մեծ արագությամբ աճում է՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 12,5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 9,5 %-ով։ Իսկ կառավարության պարտքի ծավալը նույն ժամանակահատվածում հասել է 11,9 մլրդ դոլարի՝ աճելով 10,1 %-ով։ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող այսպիսի գործընթացները վկայում են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների ու նորարարական մոտեցումների կարիք ունի, այլապես արտաքին բարենպաստ պայմանների վերացման պարագայում տնտեսական աճի նվազումը ի վերջո մեզ կանգնեցնելու է անկման շեմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում