Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Քաղաքականություն

«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ քննարկումները չեն դադարում: Այն սահմանում է քրեական պատասխանատվություն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Ի՞նչ է ասում միջազգային իրավական փորձը նյութապես շահագրգռելու մասով: 2024 թ. հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Զեկույցը նշել է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն, հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։ Շեշտել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի անունը, մտահոգություն հայտնել, որ Հայաստանի գործող իշխանությունները Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործել են նրան քաղաքականապես պատժելու նպատակով: Ըստ իրավաբանների, Քրեական օրենսգրքի այս հոդվածը հակասում է ոչ միայն միջազգային կոնվենցիաներին, այլ ինքնին հակասահմանադրական է: Նյութապես շահագրգռելը հանցագործություն չէ, Քրեական օրենսգրքում որևէ հստակ ձևակերպում չկա «նյութապես շահագրգռել» տերմինի հետ կապված: Հանրահավաքին մասնակցելը հանցագործություն չէ, հավաքների ազատությունը երաշխավորում է Հայաստանի Սահմանադրությունը: Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը հանցագործություն:

Ի դեպ, Քրեական օրենսգրքում այս հոդվածի լրացումը տեղի է ունեցել դեռևս 2021 թ.-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «թեթև ձեռքով», սակայն 2022 թ.-ին ընդունվող Քրեական օրենսգրքում այս դրույթը չպետք է ներառված լիներ: Բայց օրենսգրքի ընդունումից մի քանի օր առաջ 236-րդ հոդվածի լրացման քննարկման հարցը ներառվեց Ազգային ժողովի օրակարգ, արագացված կարգով այն ընդունվեց, մեր երկրի նախագահն էլ ստորագրեց: Հիմա անդրադառնանք հոդվածի նշված մասի հակասահմանադրական լինելուն: ԵԽԽՎ զեկույցից հետո, որն արդեն իսկ հիշատակեցինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով դիտարկել Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Պատգամավորները մի քանի հարցադրմամբ էին դիմել ՍԴին, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով չի՞ հակասում Սահմանադրության 44րդ հոդվածին, այն հավաքների ազատության իրավունքի իրացման անհրաժեշտ, պիտանի և համաչափ սահմանափակո՞ւմ է: Պատգամավորները բարձրացրել էին նաև 236-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական որոշակիության հարցը, ինչպես նաև՝ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային: Ներկայացված հիմնավորումներում նշված է՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող նորմերը առերևույթ հակասում են Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերին:

Դրանք վերաբերում են հավաքների ազատությանը: Հաջորդիվ ընդգծել էին, որ Քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին: Բարձրացվել է «նյութապես շահագրգռել» տերմինի որոշակիության խնդիրը: Բացի դա, ՍԴ ներկայացված դիմումի մեջ պատգամավորները փաստարկել էին, որ նույն դրույթն առերևույթ հակասում է նաև Սահմանադրության 81-րդ հոդվածին, այն է՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», բացի դա՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

Ներկայացված դիմումի մեջ հղում է արված Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի զեկույցին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռներին: Պատգամավորներն ընդգծել են, որ Եվրոպական խորհրդին անդամակցող բոլոր մյուս երկրների քրեական, ինչպես նաև խաղաղ հավաքների կարգավորմանը նվիրված օրենսդրական ակտերում բացակայում են նույնաբնույթ իրավական նորմեր։ Սահմանադրական դատարանն այս հարցով հոկտեմբերի 15-ին պետք է վճիռ կայացներ: Բայց Բարձրագույն դատարանը որոշում է գնալ այլ ճանապարհով: Հոկտեմբերի 11-ին կասեցնում է այդ հարցի հետագա քննարկումը և դիմում Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով նրան խորհրդատվական կարծիք տրամադրել, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահո՞ւնչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:

Հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցում հնչած դիրքորոշումները, եվրոպական կոնվենցիաներին հակասող դրույթները՝ մեծ չէ՞ հավանականությունը, որ կհնչի նույն կարծիքը՝ սա հանցակազմ չպարունակող գործողություն է, դեմ ենք սրա քրեականացմանը: Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել Ավետիք Չալաբյանի անունը: Նրա գործը ցույց է տալիս նշված հոդվածի այս քննարկվող դրույթի բոլոր խութերը: 2022 թ.-ի մայիսի 14-ին Չալաբյանը կալանավորվեց: Հետո սկսվեց դատական նիստերի երկար շղթան, որի հանգուցալուծումը, կարծես թե, մոտենում է:

«Փաստը» վերջերս առիթ ունեցել էր անդրադառնալու թեմային: Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Չալաբյանի պաշտպանական թիմը դատարանում հստակ քայլերով գնում է նրա անմեղությունն ապացուցելու ճանապարհով: Եթե Ավետիք Չալաբյանն այսօր ազատության մեջ է մասնակցում դատական նիստերին, ապա նույն «բախտավորությունը» չունի Դաշնակցության ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն հոդվածով և արդեն չորս ամիս է՝ անազատության մեջ է: Ստացվում է, որ 2018 թ.-ին «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ: Շատերն են համոզված, որ արդարությունը միանշանակ վերականգնվելու է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ցավալի է, որ Սահմանադրական դատարանը, լինելով Հայաստանում արդարադատության բարձրագույն մարմինը, իր մեջ ուժ չգտավ հակասահմանադրական ճանաչելու Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը և իր բաժին պատասխանատվությունը կարծես փոխանցեց Վենետիկի հանձնաժողովին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում