Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Մեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի գլխավորած «թավշահեղափոխական» իշխանությունը իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում, բացի մեծագույն ավերումներից, անկեղծ ասած, արդեն խորապես ձանձրացրել է շատ-շատերին՝ իր «հեղափոխական» նորամուծություններով ու վայրիվերումներով: Ըստ երևույթին, ՔՊ «վերնախավին» ոչ միայն դուր է եկել Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիական գործը, այլև նրանք այն վերցրել են որպես գործունեության ուղեցույց: Դե, հենց միայն «պատերազմը խաղաղություն» է կարգախոսն ինչ ասես՝ արժե, մանավանդ, որ մեր հասարակությունը դա տեսնում է փաստացի գործողության մեջ, սեփական մաշկի վրա ու սեփական արյան ու կյանքերի հաշվին, ի դեպ: Վստահաբար, օրվա իշխանությունը շատ է հավանել «ավագ եղբայրը հետևում է քեզ» վիճակը, երբ պետական-կուսակցական ղեկավարությունը լիարժեք հնարավորություն ուներ հետևել անխտիր բոլորին գրեթե բոլոր ծակուծուկերում:

Այդ ֆանտազիայից ոգևորված, գիտեք, օրինակ՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ էին մշակել, որն առաջին ընթերցմամբ փաշինյանական խմբակցությունն ընդունել էր: Այդ օրենսդրական փոփոխության ամբողջ իմաստն այն է, որ անխտիր բոլոր ծակուծուկերում բոլոր տնտեսվարողները տեսախցիկներ տեղադրեն, իսկ փաշինյանական ոստիկանությունն էլ լիարժեք հասանելիություն ունենա բոլոր այդ տեսահսկումային տվյալներին: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցանկանում է երկրում մտցնել բոլորի շուրջօրյա համատարած տեսահսկում, տեսանկարահանում ու ձայնագրում: Պաշտոնական պատճառաբանությունը՝ մի կողմ, իսկ իրական մտադրությունը չափազանց թափանցիկ ու ակներև է: Դե, եթե, ասենք, մանկապարտեզի ավագ խմբում մի երեխա ասի՝ «Փաշինյանը բոբո է», նրան, ծնողներով հանդերձ, կարմիր բերետավորները կարող են ծեփել պատերին, փռել ասֆալտին, բանտ ուղարկեն, աքսորել և այլն:

Բայց, ինչպես միշտ, չափն անցել են, ուղղակի հիմա, ոնց երևում է, դա հասկացել են, և հիմա ՆԳՆ-ն հայտարարում է, որ նշված օրինագիծը հետկանչ է անում: Իրենք հայտարարում են, որ հանրության, հասարակական շրջանակների քննադատությունները, մտահոգությունները հաշվի առնելով են դա անում: Չնայած «մեջքներն էլի գետնով չեն ուզում խփել» ու պնդում են, թե իրենց մշակած օրինագիծը ուղղակի մի հոյակապ, մի անթերի, մի անզուգական բան էր, բայց, դե, որ մարդիկ չուզեցին՝ չուզեցին: Իրականությունը, կարծում ենք, մի փոքր այլ է: Մեզ թվում է, որ այս անգամ հիշյալ խայտառակ օրինագիծը, որը այլ կերպ, քան մարդու իրավունքների ոչնչացման օրինականացում, դժվար է անվանել, արժանացել է նաև նույն ՆԳՆ-ի արևմտյան հովանավորների ու «գրանտավորողների» քննադատությանը: Բայց սա միայն մեկ օրինակ է:

Ու այս օրինակը հիշեցրեց էական մեկ այլ հարցի մասին. իսկ քանի ու քանի նման «թավշահեղափոխական» ու, ամենից կարևորը, ավերակող «նախաձեռնություններ» են եղել: Քարուքանդիչ քանի «նորամուծություն» է եղել, օրինակ՝ հանրակրթության և բուհական կրթության ոլորտներում: Դասագրքային խայտառակագույն վիճա՞կը նշենք, թե՞ «ակադեմիական քաղաքի» ֆանտասմագորիան: Վերցնենք այլ ասպարեզ, ասենք՝ տնտեսությունը: Գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարությունների լուծարումը ինչի՞ բերեց: Ի՞նչ վիճակում է Հայաստանի գյուղատնտեսությունը: Ծանրագույն: Մասնագետները չեն դադարում ահազանգել, բայց՝ լսողն ո՞վ է: Մյուսը՝ կար կայացած կառույց՝ ԱԻՆ-ը: Ու ի՞նչ արեցին: Տարան, կցեցին ոստիկանությանը, վերականգնեցին ՆԳՆ-ն, և ո՞րն է արդյունքը, բացի նրանից, որ Փաշինյանի համերկրացու գլխավորած գերատեսչությունը գերուռճացված է: Այսպես կարելի է շատ երկար շարունակել, ինչպես ասվում է՝ ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև: Լավ, «թավշահեղափոխական» նորամուծությունների ավելի «անմեղ» օրինակներ բերենք: Ասենք՝ հանրային սննդի կետերում աղամաններին հայտարարված «անալի պատերազմը»:

Ու՝ ի՞նչ: Մե՞ծ արդյունքներ են գրանցվել: Կամ, ասենք, պոլիէթիլենային տոպրակներին հայտարարված «պատերազմը»: Ո՞րն էր դրա հետևանքը: Բացառապես այն, որ դա վերածվեց «ցելոֆանի հարկի», այսինքն՝ տոպրակները թանկացան և... ավելի շատացան: Այլ պարագաներում կարելի էր լիաթոք քրքջալ հեղափոխական «գիտունիկների» այդ և մյուս «գիտունիկությունների» վրա: Բայց այդ ամենը կատարվում է մեզ հետ, մեր երկրում ու մեր կյանքը քաոսի վերածելով: Ի՞նչն է առավել հետաքրքիր ՆԳՆ այս վերջին «հետկանչման» ու վերոակնարկյալ մի շարք ձախորդությունների հետ կապված: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ այդ ամենը կարող էր և չլինել: Հենց թեկուզ հիշյալ օրինագծի հետկանչը կարող էր չլինել, եթե ոչ թե առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, այլ ընդհանրապես, նախքան օրինագիծ մշակելը, եթե նախ՝ մասնագետների, փորձագետների հետ խորհրդակցեին, կարծիքներ հարցնեին, հետազոտեին, առհասարակ, հանրության տրամադրություններն ու ընկալումները: Բայց ոչ մի նման բան չեն արել: Վերցրել ու որոշել են մի նոր օրենք արտածել... ու ստացել են օդազերծված փուչիկ, հետողորմյա արված օրինագիծ:

Հիմա էլ, իբր, լավություն են անում՝ հետ են կանչում իրենց վատ աշխատանքի հետևանքը: Ու այդպես է բոլոր ոլորտներում, բոլոր նախաձեռնությունների դեպքում: Մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է. լավ, բա դուք չեք տեսնո՞ւմ, որ չեք կարողանում, չի ստացվում ձեզ մոտ ոչ մի բան (փիարվելուց ու խառնակչությունից բացի), չեք տեսնո՞ւմ, որ չեք հասկանում: Ու, այդքանով հանդերձ, գոնե չեք կռահո՞ւմ, որ պետք է նախ դիմել մասնագետներին, այլ ոչ թե խառնաշիլաշփոթ «եփել» ու հետո ծոծրակը քորելով մտորել, թե ինչպե՞ս այդ վիճակից դուրս գալ: Ախր, դուք էն գլխեն... իմաստուն չեք: Թեպետ.... այս ում ենք ինչ ասում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում