Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» զինված շարժման միջև հրադադարի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել չորեքշաբթի առավոտյան, գրում է Al Arabiya-ն:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կպաշտպանի Իսրայելին Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքից և պայմաններ կստեղծի «տևական հանգստության» համար, հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ։
«Այսօրվա հայտարարությունը կդադարեցնի մարտերը Լիբանանում և կպաշտպանի Իսրայելին «Հեզբոլլահ»-ի և Լիբանանում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների վտանգից», - ասվում է նախագահների համատեղ հայտարարության մեջ:
Նշվել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կաշխատեն «ապահովելու համար, որ այս պայմանավորվածությունն ամբողջությամբ իրականացվի» և առաջնորդեն միջազգային ջանքերը լիբանանյան բանակի «կարողությունների ստեղծման» համար:
Բայդենը գործարքը որակել է «լավ նորություն» և նաև նշել, որ Միացյալ Նահանգները նոր ջանքեր կձեռնարկի Իսրայելի և Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման միջև զինադադար ապահովելու համար: Մակրոնն էլ ասել է, որ Լիբանանի զինադադարը պետք է «ճանապարհ բացի՝ Գազայում պատերազմի ավարտի համար»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին «հրադադարի համաձայնագրի ապահովման գործում ներգրավվածության համար»։ Իսրայելի կողմից գործարքի հաստատումից առաջ Նեթանյահուն ասել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի պայմանները, ապա Իսրայելը հարված կհասցնի։
Լիբանան
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասել է, որ հրադադարը «հիմնարար քայլ» է տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին իրենց ներգրավվածության համար՝ Միքաթին նաև վերահաստատել է իր կառավարության հանձնառությունը՝ «ուժեղացնել բանակի ներկայությունը հարավում»:
Իրան
Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է հրադադարը Լիբանանում, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Գերմանիա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ողջունել է գործարքը՝ այն որակելով որպես «հույսի շող ամբողջ տարածաշրջանի համար»:
«Սահմանի երկու կողմում գտնվող մարդիկ ցանկանում են ապրել իրական և կայուն անվտանգության պայմաններում», - ասվում է Բերբոքի հայտարարության մեջ: Նա գործարքն անվանել է «հաջողություն դիվանագիտության համար»:
Միացյալ Թագավորություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը բարձր է գնահատել «վաղուց ուշացած» հրադադարը, որը «որոշ չափով թեթևացում կապահովի խաղաղ բնակչության, Իսրայելի և Լիբանանի համար:
Եվրամիություն
ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է հրադադարի «շատ հուսադրող լուրը»՝ ասելով, որ դա կբարձրացնի Լիբանանի «ներքին անվտանգությունն ու կայունությունը»:
«Հայտարարությունը ողջունելի նորություն էր առաջին հերթին մարտերից տուժած լիբանանցիների և իսրայելցիների համար: Լիբանանը հնարավորություն կունենա բարձրացնելու ներքին անվտանգությունն ու կայունությունը՝ «Հեզբոլլահ»-ի ազդեցության կրճատման շնորհիվ», - գրել է ֆոն դեր Լեյենը X-ում:
ՄԱԿ
Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս Պլասշերտը ողջունել է հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն զգուշացրել է, որ «զգալի աշխատանք է սպասվում» գործարքը կյանքի կոչելու համար:
«Պահանջվում է ոչ պակաս, քան երկու կողմերի լիակատար և անսասան հանձնառությունը», - ասվում է Հենիս Պլասշերտի հայտարարության մեջ:
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ զինադադարը տևական կլինի։
«Միջազգային հանրության համար հրամայական է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ լիովին պահպանելու հրադադարը և փոխհատուցելու այն վնասները, որոնք նա պատճառել է Լիբանանում», - ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Դրանում ասվում է, որ հրադադարը պետք է նաև Գազայում հնարավորինս շուտ հայտարարվի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար:
Չինաստան
Չորեքշաբթի Չինաստանը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի համաձայնագիրը:
«Մենք աջակցում ենք լարվածությունը թուլացնելուն և խաղաղության հասնելուն նպաստող բոլոր ջանքերին և ողջունում ենք հրադադարի վերաբերյալ համապատասխան կողմերի համաձայնությունը», - հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ ընդգծելով նաև Գազայում հրադադարի հասնելու կարևորությունը։
Եգիպտոս
Եգիպտոսի արտգործնախարարը նույնպես ասել է, որ ողջունում է «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը:
Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:
«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:
Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Եթե եվրոպացիները հանկարծ որոշեն վերադառնալ ռուսական շուկա՝ խնդրեմ, բայց հաշվի կառնենք ներկայիս իրողո...
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Աշխատանքային այցի ժամանակ մեր հայրենակիցների հետ ունեցած հանդիպումներից մի դրվագ․ «Մեր ձևով»
Նոր բաժին Idram&IDBank-ում