Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Աշխարհ

Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Կա տեսակետ, որ վերջինիս պաշտոնավարման երկրորդ շրջանն էականորեն տարբերվելու է առաջին շրջանից, երբ նա շատ մեծ դիմադրության էր հանդիպում երկրի ներսում, ինչն էլ խոչընդոտներ էր ստեղծում նրա վարչակազմի գործունեության համար։

Թրամփի վերադարձը նախագահի աթոռին նշանավորվում է նաև նրանով, որ բոլորովին այլ պայմաններ են ստեղծված նրա կողմից վարվող քաղաքականության մասով։ Առաջին հերթին նա մեծ աջակցություն է վայելում բնակչության շրջանում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս անգամ Թրամփին աջակցում են այնպիսի խոշոր բիզնեսմեններ ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության վրա։ Իսկ ամենանշանակալի քաղաքական պատկերն արտացոլում է այն իրողությունը, որ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Այսինքն՝ Թրամփը Կոնգրեսում կարող է շատ հանգիստ որոշումներ անցկացնել։

Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա Թրամփը խոստացել է զարկ տալ տնտեսությանը, գործարաններ բացել, բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկացի արտադրողների ու աշխատողների համար, իրականացնել ոչ լեգալ միգրանտների՝ պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը, պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Ներամերիկյան հարցերի հետ կապված՝ Թրամփից չափազանց մեծ ակնկալիքներ կան, որոնք նա պետք է իրականություն դարձնի, որպեսզի իր հանրային աջակցությունը չփոխվի դժգոհությունների խորացման։

Թրամփը նաև փորձում է պատմության մեջ մտնել այն նախագահների շարքը, որոնք ընդլայնել են ԱՄՆ-ի տարածքները։ Հենց դրանով են պայմանավորված Գրենլանդիայի հետ կապված նրա հետաքրքրությունը և աշխարհի ամենամեծ կղզին գնելու ցանկությունը։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի քաղաքականությունը նաև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառ է դառնալու։ Առաջին հերթին՝ այն վերաբերում է Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմներին։ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան հզորության լծակների կիրառման միջոցով դադարեցնելու է պատերազմները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ նրա՝ պաշտոնը ստանձնելու նախօրյակին Գազայի պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ 47-րդ նախագահը ձեռնամուխ է լինելու նաև Ուկրաինայում հրադադարի հաստատման ջանքերի կյանքի կոչմանը։ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է նշանավորվել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեղմացմամբ։ Իսկ հրադադարի հաստատումը հնարավորություն կտա Մոսկվային կենտրոնանալ այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ազդեցությունն էականորեն նվազել է, իսկ թուրքականն՝ ուժեղացել։

Մյուս կարևոր աշխարհաքաղաքական փոփոխությունը, որ կանխորոշում է Թրամփի պաշտոնավարումը, վերաբերում է ԱՄՆ ինքնամեկուսացման քաղաքականությանը, որը դրսևորվում է նաև նրանով, որ Վաշինգտոնը նվազեցնում է իր միջազգային ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում։ Հենց դրա շրջանակներում է ամերիկյան կողմը պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին հատկացնեն ռազմական ոլորտին ու դրանով վճարեն իրենց պաշտպանության համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ վճարել ու ապահովել այդ երկրների պաշտպանությունը։ Ըստ այդմ, եվրոպական երկրներն արդեն իսկ մտածում են առանձին պաշտպանական մեխանիզմ ստեղծելու շուրջ, որի արդյունքում էլ կնվազեցնեն իրենց կախվածությունն ԱՄՆ-ից։ Դրա համար էլ եվրոպական երկրները սկսել են զարկ տալ տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը։

Գլոբալ մակարդակում մեծ ազդեցություն է ունենալու նաև Թրամփի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը։ Նա խոստացել է զգալիորեն ավելացնել Չինաստանից եկող ապրանքների մաքսերը և ուժեղացնել տնտեսական ճնշումները Պեկինի նկատմամբ, որն օգտվում է ամերիկյան շուկայի ընձեռած հնարավորություններից։ Ըստ երևույթին, խստացվելու է նաև դեպի Չինաստան գերժամանակակից չիպերի և այլ տեխնոլոգիական արտադրանքի արտահանման արգելքը։ Չինաստանն էլ արդեն իսկ մտածում է դրան համարժեք պատասխան տալու մասին։ Մեծ է հավանականությունը, որ Պեկինը կարող է որոշ առանցքային ուղղություններով շատ անհրաժեշտ չինական հումքի ու արտադրանքի արտահանման արգելք սահմանել դեպի ԱՄՆ։ Չինաստան-ԱՄՆ տնտեսական մրցակցության խորացումն էականորեն ազդելու է նաև համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների վրա։ Ըստ երևույթին, արևմտյան ներդրումները Չինաստանից կհոսեն դեպի Հարավային ու Արևել յան Ասիայի այն երկրներ, որտեղ աշխատուժը դեռևս էժան է, իսկ չինական ընկերություններն էլ, բախվելով ամերիկյան բարձր մաքսերին, գործարաններ կհիմնեն այլ երկրներում, այդ թվում՝ Մեքսիկայում, ու արտահանումն էլ կկազմակերպեն այդ երկրներից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում