Նիկոլ Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր`հուլիսի 17-ին, ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի և հանդիպումների դինամիկան: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների և գործընթացների մասին:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Վատիկանն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, որոնք մինչ օրս էլ արդյունավետ զարգանում են: Ժոզե Ավելինու Բետանկուրն ընդգծել է՝ ուրախ է գտնվել մեր երկրում՝ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, և Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման և առաջընթացի ճանապարհին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Վատիկան կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ: Վարչապետը նշել է, որ Հայաստան-Վատիկան սերտ համագործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր պատմական ժառանգություն ունենալու փաստի վրա, և որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Սուրբ Աթոռի հետ կապերին:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախատագիտություն է հայտնում Հռոմի Սրբազան Քահանայապետին և Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ միջազգային ճանաչման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունները և ոճրագործությունները կանխելու տեսանկյունից:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը