Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

Մահացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ, դասախոս Հարություն Արմենյանը

Մահացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվավոր նախագահ, նախկին հոգաբարձու, դասախոս, վաստակավոր մանկավարժ, սիրված ընկեր և բարերար դոկտոր Հարություն Արմենյանը։

Համալսարանի տրածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դոկտոր Արմենյանը 14 տարի նախագահել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ հիմնարար վերափոխումներով լի մի շրջան, որի ընթացքում նա թողել է մնայուն ժառանգություն, ինչի շնորհիվ ձևավորվել է Համալսարանի հետագա ուղին և զգալիորեն ընդլայնվել դրա ազդեցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում։ Որպես հեռատես կրթական գործիչ, բժիշկ և հանրային առողջապահության ոլորտի մասնագետ՝ նա առանցքային դեր է ունեցել նոր ակադեմիական ծրագրերի ձևավորման, ՀԱՀ-ի գիտահետազոտական ներուժի ընդլայնման, ինչպես նաև Համալսարանի՝ Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից հավատարմագրման գործընթացի ուղղորդման հարցում։ Նրա ղեկավարությամբ ՀԱՀ-ը ոչ միայն ստեղծեց ժամանակակից ենթակառուցվածքներ, այլև ընդունեց իր առաջին միջազգային ուսանողներին և մեկնարկեց մի շարք առանցքային նախաձեռնություններ։ Դրանց թվում են՝  գրականության թվային գրադարանը և Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որի շնորհիվ հիմնադրվել է ավելի քան 550 բիզնես, ստեղծվել է 1169 աշխատատեղ, և ձեռնարկատիրության ոլորտում վերապատրաստվել է 1830 մարդ։ Դոկտոր Արմենյանի առաջնորդությամբ մեկնարկած այս և այլ նախաձեռնություններն այսօր ևս շարունակում են խորապես ձևավորել ՀԱՀ-ի ուսանողների, շրջանավարտների և դասախոսների կյանքը՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Իր կնոջ՝ Սոնայի հետ միասին, դոկտոր Արմենյանը մեծահոգաբար աջակցել է Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի ուսանողներին՝ տրամադրելով կրթաթոշակներ։ Այս աջակցությունն անհամեմատելի ազդեցություն է թողել բազմաթիվ մարդկանց կյանքում՝  վերացնելով կրթության ճանապարհին գոյություն ունեցող ֆինանսական խոչընդոտները։

Դոկտոր Արմենյանը ծնվել է Բեյրութում։ Նա ստացել է Բժշկագիտության դոկտորի աստիճան Բեյրութի ամերիկյան համալսարանից (ԲԱՀ), իսկ այնուհետև՝ Հանրային առողջապահության մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճաններ՝ Ջոնս Հոփկինսի Հանրային առողջապահության դպրոցից (ներկայումս՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետ)։ Նա եղել է հանրային առողջապահության և գիտակրթական համայնքների համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդ։ Դոկտոր Արմենյանի ակադեմիական և ղեկավարական գործունեությունն ընդգրկել է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում՝ ծրագրերի մշակում Բահրեյնի առողջապահության նախարարությունում, Բեյրութի ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան, Ջոնս Հոփկինսի համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի փոխնախագահ և նախագահի պաշտոնակատար, ինչպես նաև Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի տնօրեն և պատվավոր պրոֆեսոր։ Նա եղել է նաև ՀԱՀ Առողջապահական գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, Քինգ Սաուդ համալսարանի (Ռիադ) Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի բաժնի ամբիոնի ղեկավարը, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության Ֆիլդինգի դպրոցի ակադեմիական ծրագրերի փոխդեկանը և համաճարակաբանության հրավիրյալ պրոֆեսորը։

Դոկտոր Արմենյանը եղել է Լոնդոնի բժիշկների թագավորական քոլեջի, ինչպես նաև Ամերիկյան համաճարակաբանական միության անդամ։ Նա երկար տարիներ ծառայել է Լիբանանի Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական գործադիր խորհրդում, ինչպես նաև գործել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» ու «Կարագյոզյան հիմնադրամի» գործադիր մարմիններում։

Դոկտոր Արմենյանը 15 տարի զբաղեցրել է Epidemiologic Reviews ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը և եղել է մի շարք մասնագիտական ամսագրերի և գիտական հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ։ Նա նոր մոտեցում է ներդրել համաճարակաբանական հետազոտությունների ոլորտում՝ օգտագործելով Հայ Առաքելական Եկեղեցու ծխական մատյանները՝ ուսումնասիրելու մանկական մահացությունը և առողջապահական այլ ցուցանիշներ Սփյուռքի 16 երկրներում՝ 300 տարվա կտրվածքով։ Նա նաև առաջիններից էր, ով համաճարակաբանական մեթոդներ կիրառեց՝ վերլուծելու Լիբանանի քաղաքացիական պատերազմի ազդեցությունը բնակչության առողջության վրա 1980-ականներին, ինչպես նաև հետազոտելու 1988 թ. երկրաշարժի երկարաժամկետ հետևանքները Հայաստանում՝ իրականացնելով 23-ամյա ուսումնասիրություն երկրաշարժից փրկված բնակչության շրջանում։ Դոկտոր Արմենյանը հեղինակել է ավելի քան 100 գիտական հոդված և փորձագիտական գնահատման ենթարկված գրքի գլուխներ, 20 գիրք, ինչպես նաև երկու գեղարվեստական ժողովածու՝ իր ջրանկարներով և արձակ բանաստեղծություններով՝ հայերեն և անգլերեն։ Դրանք են՝ «Երանգներ․ Հայաստան և անդին» (Colors and Words: From Armenia and Beyond) և «Անցյալն այստեղ դեռ չի հալվել» (Past Does Not Yet Melt Here)։ 2009 թվականին նա հրապարակել է իր նոր ուսումնական գիրքը՝ «Պատահար - վերահսկում մեթոդ․ կառուցվածք և կիրառություններ» (Case-Control Method: Structure and Applications) վերնագրով, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կողմից։Նրա բազմաթիվ պարգևների շարքում են՝ Էրնեստ Լիման Սթեբինսի մեդալը՝ կրթության ոլորտում ցուցաբերած գերազանցության համար, «Ոսկե Խնձոր» մրցանակը, ինչպես նաև «Խորհրդատվություն, դասավանդում և մենթորություն» մրցանակը (երկու անգամ)՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ դասավանդման ոլորտում ցուցաբերած գերազանցության համար։ Նա պարգևատրվել է նաև Մովսես Խորենացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ինչպես նաև Լիբանանի Հանրապետության նախագահի «Մայրիի շքանշան» մեդալով։ Բացի այդ, նա անդամակցել է «Ալֆա Օմեգա Ալֆա» բժշկական և «Դելտա Օմեգա» հանրային առողջապահության պատվավոր ակադեմիական ընկերություններին։

Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ դոկտոր Արմենյանը տաղանդավոր նկարիչ էր։ Նա սկսել է զբաղվել ջրանկարչությամբ 1976 թվականին՝ Բեյրութում, քաղաքացիական պատերազմի ամենածանր տարիներին։ Իր ստեղծագործությունների միջոցով նա ձգտել է պահպանել խաղաղության և գեղեցկության այն քիչ մնացորդները, որոնք դեռ գոյություն ունեին հայրենիքում։ «Ամենահագեցնողն ու խաղաղեցնողը այն պահերն էին, երբ կարող էի իմ ապրումները արտահայտել գույների և պատկերների միջոցով», - ասել է նա։

Դոկտոր Արմենյանի ներդրումը ՀԱՀ-ի, բարձրագույն կրթության, հանրային առողջապահության և հայ հասարակության զարգացման գործում անջնջելի է։ Նրա գործը շարունակում է ապրել այն հազարավոր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և համայնքի անդամների միջոցով, ում նա ոգեշնչել, ուղղորդել և զորացրել է։