Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր ԱվետիսյանԿային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել․ ԹրամփԱրծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Հայաստանը ձախողվել անտառապատման ու անտառապահպանման հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակներում անտառների վերականգնումը և, ընդհանրապես, անտառապատման խնդիրը դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև գլոբալ տնտեսական, սոցիալական ու քաղաքական առաջնահերթություն ամբողջ աշխարհում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում տարվում են լայնածավալ ծրագրեր՝ ուղղված ոչ միայն անտառահատումների կրճատմանը, այլև արդեն կորցրած անտառային տարածքների վերականգնմանը։

Հայաստանը, լինելով փոքր, բայց լեռնային և կենսաբազմազան տարածաշրջան, ունի յուրահատուկ կարևորություն և պատասխանատվություն ինչպես իր ազգային բնապահպանական անվտանգության, այնպես էլ միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Հայաստանի անտառները ոչ միայն ապահովում են բնապահպանական կայունություն, այլ նաև կենսապահովման աղբյուր են հազարավոր մարդկանց համար, նպաստում են տուրիզմի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների պահպանման և նույնիսկ մշակութային ինքնության պահպանմանը։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ինչպես անտառապատման, այնպես էլ անտառների վերականգնման և պահպանման ծրագրերում առկա են լուրջ թերացումներ, հետևողականության պակաս և համակարգային մոտեցման բացակայություն, ինչը խաթարում է ինչպես բնական միջավայրի, այնպես էլ համայնքների կայուն զարգացման հիմքերը։

Հայաստանում անտառների վիճակը վաղուց արդեն ավելին է, քան մտահոգիչ համարվելը: Պաշտոնական տվյալներով, Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են մոտ 11-12 տոկոս, սակայն անկախ հետազոտությունները, այդ թվում՝ արբանյակային պատկերների վերլուծությունը, ցույց են տալիս, որ այս ցուցանիշը հնարավոր է՝ գերագնահատված է։ Իսկ այն պայմաններում, երբ երկրի տարածքի շուրջ 80 %-ը ենթարկվում է անապատացման, անտառների վերականգնման խնդիրը հատուկ հրատապություն է ստանում։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն, այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։ Բայց լրատվամիջոցների կատարած հետաքննություններից պարզվում է, որ ստանձնած 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2 %-ն է իրականացվել, ինչը վկայում է այս հարցում կոնկրետ ձախողման մասին։ Ավելին, տարիներ առաջ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, որը ևս չի իրականացվել։

Բազմաթիվ դեպքերում անտառների վերականգնման կամ նոր անտառների հիմնման ցուցանիշները հաշվարկվում են տնկված ծառերի քանակով, այլ ոչ թե իրականում հասուն, կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորմամբ։ Այնինչ, գործընթացը միայն ծառատնկումներով չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է հոգածություն տածել այդ ծառերի նկատմամբ, ստեղծել անհրաժեշտ միջավայր և ծրագրի արդյունավետությունը դիտարկել կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորման համատեքստում։

Մեծ է նաև մարդկային գործոնների ազդեցությունը։ Անտառների պահպանման և վերականգնման ծրագրերը հաճախ բախվում են տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրներին, երբ անտառային ռեսուրսներից կախվածությունը՝ հատկապես վառելափայտի, արոտավայրերի և այլ կենսապահովման աղբյուրների տեսքով, խոչընդոտում է երկարաժամկետ նպատակների իրագործմանը։ Պետական ծրագրերը հաճախ չեն ներառում բավարար կրթական, սոցիալական կամ տնտեսական բաղադրիչներ, որպեսզի համայնքները տեսնեն իրենց շահը անտառների վերականգնման ու պահպանման մեջ։ Արդյունքում, եթե նույնիսկ իրականացվում են լայնածավալ տնկումներ, դրանց զգալի մասը չի պահպանվում՝ սանիտարական վերահսկողության բացակայության, թերի ջրման, հողի մշակման պայմանների խախտման կամ այլ խնդիրների պատճառով։ Շատ դեպքերում, տնկած ծառերը պարզապես չորանում են առաջին իսկ տարիներին՝ վերածվելով միայն հաշվետու ցուցանիշների։

Մյուս կարևոր խնդիրն է անտառային կառավարման և վերահսկողության համակարգի թերզարգացվածությունը։ Անտառային ոլորտում առկա են կառավարչական բացեր, մասնագիտական ռեսուրսների պակաս, կոռուպցիոն ռիսկեր, պետական քաղաքականության անկայունություն։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են առանց գիտական հիմնավորումների, տեղանքին և կլիմայական պայմաններին համապատասխանող տեսակների ընտրության, հողի նախապատրաստման և էկոհամակարգային մոտեցման։ Արդյունքում վերականգնման ջանքերը հիմնականում ստանում են մակերեսային բնույթ և չեն հանգեցնում կայուն անտառային հատվածների ձևավորման։

Բնապահպանական քաղաքականության և անտառային ոլորտի ծրագրերի մեկ այլ թույլ կողմը միջազգային համագործակցության և ներդրումների ներգրավման անբավարարությունն է։ Չնայած որոշ միջազգային կազմակերպությունների աջակցությանն ու դոնորական ծրագրերին, Հայաստանը դեռևս չի կարողացել դառնալ տարածաշրջանային օրինակ անտառների վերականգնման և անտառապատման ոլորտում։ Այնինչ, եթե մեր երկիրը կարողանա անտառապատման ոլորտում հաջողությունների հասնել, ապա կարող է գրավիչ դառնալ կանաչ ներդրումների իրականացման և փորձի փոխանակման տեսանկյունից։

Անտառների վերականգնման խնդիրը չի սահմանափակվում միայն էկոլոգիական հարցերով։ Այն ունի խոր սոցիալ-տնտեսական, մշակութային, տարածաշրջանային անվտանգության և նույնիսկ քաղաքական բաղադրիչներ։ Անտառների կորուստը նպաստում է հողի էրոզիային, ջրային ռեսուրսների նվազմանը, ջրհեղեղների հաճախացմանը, կենսաբազմազանության կորստին։ Իսկ այս ամենի արդյունքում տուժում են թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ տեղական բնակչությունը, թե՛ ազգային տնտեսությունը։ Մյուս կողմից էլ՝ հաջողված անտառապատման և վերականգնման օրինակները կարող են էականորեն բարելավել համայնքների կենսապահովման պայմանները, ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել էկոտուրիզմի զարգացումը, բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը և նպաստել կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։

Ուստի, Հայաստանի համար առաջնահերթություն պետք է դառնա ոչ միայն նոր անտառների հիմնումը, այլև արդեն գոյություն ունեցող անտառների պահպանումն ու առողջացումը։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է տեղական ծառատեսակների օգտագործումը, էկոհամակարգային մոտեցումը, անտառների բազմաշերտ կառուցվածքի վերականգնումը, ջրային և հողի ռեսուրսների արդյունավետ կառավարումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում