ԵԱՏՄ շուկա՝ առանց արդյունաբերական շարժի․ Հայաստանի տնտեսական փակուղին
2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրությունը գրանցեց ընդամենը 0,5% աճ՝ լինելով ամենացածր ցուցանիշը ԵԱՏՄ երկրներում: Այս նվազագույն աճը փաստացի նշանակում է ոլորտի ստագնացիա՝ առանց տեսանելի դինամիկայի, որը կարող է ազդել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների վրա։
Հայաստանի արդյունաբերության հիմնական հատվածները՝ սննդի, մետալուրգիայի, ծխախոտի և ալկոհոլային արտադրանքը, պատմականորեն ուղղված են արտահանմանը և հիմնականում աշխատում են Ռուսաստանի և այլ ԵԱՏՄ գործընկերների շուկաներում։ Սակայն վերջին տարիների ներքին և արտաքին ճգնաժամերը թույլ չեն տվել ոլորտին վերականգնել արտադրական հնարավորությունները և ընդլայնել համագործակցության շրջանակները։
Տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշում է. «Մեր հիմնական առևտրա-տնտեսական գործընկերը շարունակում է լինել Ռուսաստանը: ԵԱՏՄ ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք Ռուսաստանի Դաշնությունը, բայց հնարավորություններ կան նաև Ղազախստանի և որոշ չափով Բելառուսի հետ ինտեգրացման համար»:
Արդյունաբերությունը միայն արտադրություն չէ. այն ապահովում է աշխատատեղեր, ներդրումներ սարքավորումների և տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաև երկարաժամկետ առևտրային պայմանագրեր՝ մասնավորապես Ռուսաստանի հետ: 2021–2024 թվականներին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը աճել է գրեթե հինգ անգամ, սակայն ներկայիս տնտեսական անորոշությունը և քաղաքական լարվածությունը ստիպում են գործարարներին նվազեցնել ռիսկերը և որոնել դիվերսիֆիկացիայի ուղիներ:
Ներկայիս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն հետ է մնում ԵԱՏՄ արդյունաբերական աճից (+2,5%), այլև դժվարանում է ինտեգրվել տարածաշրջանային արտադրական շղթաներին և ստեղծել նոր արտադրական ակտիվներ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով այս խնդրին, արձանագրում է՝ Հայաստանը ԵԱՏՄ շուկայի հետ իր առևտրային կապերը հիմնականում կառուցել է վերարտահանման մեխանիզմի վրա, մինչդեռ երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի համար անհրաժեշտ են իրատեսական պետական քաղաքականություն, հարկային խթաններ և ներդրումներ ներգրավող միջավայր։
«Փաստացի, երկրի տնտեսությունը հաճախ ներմուծել է տարբեր երկրներից ապրանքներ և դրանք վերարտահանել Ռուսաստան, փոխարենը սեփական արտադրանքը ուղղակի մուտք գործելու ռուսական շուկա հնարավորությունը լիարժեք չի օգտագործվել։
Սրան մի քանի հիմնական պատճառներ կան։ Նախ, առկա հնարավորությունները կամ չեն գնահատվել իրատեսորեն, կամ պետության կողմից անհրաժեշտ քաղաքականություն չի եղել։ Որոշ պետական գործիքներ արդյունավետ չեն աշխատել, իսկ հարկային քաղաքականությունը չի խթանել ներքին արդյունաբերության զարգացումը։
Երկրորդ, արդյունաբերության կայուն աճը պահանջում է ներդրումներ, որոնք ներկայիս քաղաքական և տնտեսական ռիսկերի պայմաններում դժվար է ակնկալել։ Կովիդի հետևանքները, պատերազմը և քաղաքական անկայունությունը զգալիորեն նվազեցրել են ներդրողների վստահությունը։
Երրորդ, բարձր քաղաքական և տնտեսական ռիսկեր, այդ թվում՝ պետական կոշտ միջամտություններ և քաղաքական շահերից ելնող որոշումներ, ևս խոչընդոտում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Ներդրումների բացակայությունը, իբրև շղթայական ազդեցություն, կանգնեցնում է արդյունաբերության զարգացումը և տնտեսության կայուն աճի հնարավորությունը»,-նշում է Ավետիսյանը։
սինքրոն
Մասնագետների գնահատմամբ, առանց նպատակային տնտեսական քաղաքականության և արդյունաբերությանը աջակցող միջոցառումների, երկիրը կարող է շարունակել զիջել իր դիրքերը և տեսանելի ապագայում կորցնել տնտեսական առաջատարությունը տարածաշրջանում:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայում հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման վրա՝ առանց դրանք խորացնելու կամ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու:
«Ինչպես նշում են ռուսական փորձագետները և պետական գործիչները, երկիրը փորձում է տնտեսական կապերը պահել ԵԱՏՄ-ի շրջանակում, սակայն նոր ինտեգրացիոն նախաձեռնություններ հաճախ չեն իրականացվում։
Միաժամանակ իշխանությունները որոշ դեպքերում արտաքին քաղաքականությունն աստիճանաբար թեքում են դեպի Արևմուտք, բայց խուսափում են համակարգված ինտեգրացիոն ծրագրերից, հատկապես արդյունաբերության ոլորտում: Արդյունաբերական համագործակցության խորացումը կնշանակեր, որ Հայաստանում կսկսեն գործել նաև ռուսական ձեռնարկություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բնակչության վրա՝ ամրապնդելով նրանց տնտեսական շահերը և քաղաքական դիրքորոշումները։ Օրինակ, եթե հայկական շուկայում սկսի աշխատել ռուսական որևէ ձեռնարկություն, հասարակության մի հատվածում կարող է ձևավորվել այն ընկալումը, որ աշխատանքը և եկամուտը կապված են ռուսական նախագծերի հետ:
Այս իրավիճակը կարող է հանգեցնել ապագա ընտրություններում ռուսամետ ուժերի ընդգրկվածության ավելացման Ազգային ժողովում, ինչը հակասում է գործող իշխանությունների որդեգրած քաղաքական օրակարգին և կարող է խոչընդոտել Եվրամիության հետ ինտեգրման համար նախատեսված տնտեսական ու իրավական փոփոխությունների իրականացմանը:
Կադրային պակասը ևս լուրջ խնդիր է: Վերջին տարիներին կառավարությունում դուրս են մնացել պրոֆեսիոնալ մասնագետները, փոխարենը նշանակվել են ծանոթ-բարեկամ կամ քաղաքական շրջանակներից եկած անձինք, որոնք չունեն բավարար գիտելիք և փորձ՝ բարդ ինտեգրացիոն ծրագրեր իրականացնելու համար: Սա սահմանափակում է ոչ միայն քաղաքական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը, այլև այն, ինչ վերաբերում է տնտեսության ինտեգրմանը միջազգային շուկաներին:
Արդյունքում, Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու ինտեգրացիոն գործընթացները ներկայում պայմանավորված են երկու հիմնական գործոնով՝ քաղաքական շահերի հավասարակշռմամբ և պրոֆեսիոնալ կադրերի պակասով»,-նշում է փորձագետը՝ հավելելով, որ այս հանգամանքները շարունակում են սահմանափակել երկրի տնտեսական և քաղաքական շարժունակությունը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Երկու իրականություն
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց