Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ և կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնեք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է բարեգործական կազմակեպությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին: Հանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:
Նա ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»:
Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարեւոր վեց ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները. «Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ դուք ևս բարձրաձայնեք այդ մասին։ Կարևոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլև այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին»:
Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարեգործական բեռների փոխադրման հետ կապված գործընթացների և հասցված բեռի բաշխման մեխանիզմների մասին: Նախարարն ընդգծել է, որ բարեգործական եղանակով ստացված բեռները բաշխվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Գործընթացներն իրականացվում են թափանցիկ հիմունքներով, և այդ մասին հաշվետվությունները ներկայացվելու են բարեգործական կազմակերպություններին:
Նախարարը կարևորել է նաև բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ գործակցությունն ու մշտական կապը, որպեսզի կազմակերպությունները տեղեկանան առկա կարիքների մասին և նրանց օժանդակությունն առավել թիրախային լինի:
Հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և նախարար Արմեն Մանգասարյանը նաև պատասխանել են հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի