Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի

Հայաստանի  դեմ ծառացած լուրջ անվտանգային մարտահրավերների ֆոնին քաղաքական և հասարակական խոսույթում մշտապես շրջանառվում է ՀՀ քաղաքական վեկտորն ամբողջովին դեպի Արևմուտք ուղղելու թեզը: Սակայն, պետք է շեշտել, որ կարծիքը, թե Արևմուտքը պաշտպանելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ, Հայաստանի շահերից ելնելով, փչացնելու է հարաբերություններն Ադրբեջանի հետ, աշխարհաքաղաքական իրադրության թերի ընկալումների հետևանք է: 

Արևմուքն ավանդաբար վարում է առաջին հերթին իր տնտեսական և անվտանգային շահերին նպաստող քաղաքականություն։ Մինչ Ադրբեջանի  հետ հարաբերությունների օրինակով դա ցույց տալը, բերենք մեկ այլ՝ ուկրաինական քեյսի օրինակը: Դիցուք, ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը շաբաթներ առաջ անկեղծացել էր, որ եթե նայենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեջ ԱՄՆ ներդրումներին, ապա կհասկանանք, որ դրանցից առավելապես շահել է հենց Վաշինգտոնը, քանի որ դրանով խթանվել է ԱՄՆ տնտեսությունը, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել ռազմաարդյունաբերական ոլորտում։  Ավելին՝ Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունից ԱՄՆ-ին ուղղակի ֆինանսական օգուտը կկազմի առնվազն 21,7 միլիարդ դոլար:  Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ամերիկյան սպառազինության պատվերների առաջիկա հոսքից և արտադրության անխուսափելի ընդլայնումից կարևոր օգուտը՝ հենց Պենտագոնի կողմից գնումների համար ռազմական արտադրանքի վերջնական արժեքի նվազումն է: Այսինքն՝ հենց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հնարավորություն կստանա ավելի էժան գնով զենք ձեռք բերել: Կարծում ենք՝ այս օրինակն արդեն իսկ ապացուցում է, որ Արևմուտքը, իսկ այս դեպքում՝ կոնկրետ ԱՄՆ-ն, առաջնորդվում է միայն ու միայն սեփական շահերով:

Իսկ այժմ գանք Ադրբեջանին: Արևմուտքի համար Ադրբեջանի կարևորությունը չի նվազում, դեռ ավելին՝ շարունակ  աճում է: 1999թ.-ին Լոնդոնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար միջազգային կոնսորցիումի ստեղծման շուրջ պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց' «այս խողովակաշարով ոչ թե նավթ է հոսելու, այլ քաղաքականություն»: Ամրագրվեց Ադրբեջանի քաղաքականության հիմնական դրույթը, որի համաձայն՝ վերջինս իր նավթային գործոնն օգտագործում է ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը' փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:  Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումներն Ադրբեջանից կազմել են 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն:

Ադրբեջանի դերն Արևմուտքի համար ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Այսպես, եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքը հենց ադրբեջանական գազն է:  Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ են ներկրել՝ համաձայն Եվրոստատի նյութերի: Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ: Արդյո՞ք ինչ-որ մեկը հավատում է, որ նույն ԵՄ-ն պատրաստ է հարվածի տակ դնել իր էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Հայաստանի շահերի լոբբինգի:

Այո, շաբաթներ առաջ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունն Ադրբեջանին, սակայն պետք է հասկանալ, որ Բաքուն այդ աջակցության կարիքը բնավ էլ չունի: Այն ժամանակ, երբ երկիրը միլիարդավոր դոլարների պաշտպանական ծախսեր է նախատեսում, Վաշինգտոնից ստացվող միլիոնները գործնականում ոչ մի նշանակություն չունեն:  Իսկ ԱՄՆ-ն ունի Ադրբեջանի աջակցության կարիքը, հակառակ դեպքում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն օրեր առաջ չէր շեշտի, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ ընգծելով, որ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։ Իր հերթին՝ ԵՄ-ն էլ, որը Եվրախորհրդարանի մակարդակով սաստում է Ադրբեջանին, անմիջապես դրանից հետո ամենաբարձր մակարդակով պայմանավորվում է թարմացնել Բաքվի հետ ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը:

Եվ այսպես՝ ո՞ւմից ավելի մեծ շահ ունի Արևմուտքը։ Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանից, իսկ Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու ԵՄ-ին։ Ըստ էության, պաշտոնական Երևանին պատրաստվում են կերակրել միայն պաթոսախառն հայտարարություններով և ամորֆ խոստումներով, իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի օգնությամբ դուրս կմղեն ՌԴ-ին տարածաշրջանից, մեր երկիրն ընդհանրապես կկորցնի իր նշանակությունն Արևմուտքի համար, քանի որ, ինչպես նշեցինք, Արևմուտքն առաջնորդվում է միայն ու միայն իր տնտեսական շահերով: Ի դեպ, այդ հանգամանքը քաջ գիտակցում են նաև ՌԴ-ում, ինչի մասին ոչ երկիմաստ կերպով օրերս ակնարկել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: