Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գառնիկի մասին զրուցել ենք հորեղբոր և նրա կնոջ հետ: Տիկին Նարինեն ասում է՝ իր որդու պես է սիրել Գառնիկին, իր երեխայից չի տարբերել նրան: «Փոքրիկ Գառնիկը շատ խելացի էր, շնորհքով, բարի, հոգատար, ընկերասեր:

Բնավորությամբ շատ հանգիստ էր, խրատներն ընդունող, մեծին հարգող, փոքրուց էլ մի ուրիշ տեսակի, յուրահատուկ երեխա էր: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ինձ երբեմն ասում էր՝ դու իմ կյանքի ընկերն ես, ինձ շատ լավ ես հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Գառնիկի հորեղբոր կինը: Գառնիկը, որին հարազատները մանկուց նաև Ապեր են դիմել, ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ «Մինչև 7-րդ դասարան հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև տեղափոխվել է Չարենցավան, այնտեղի դպրոցում շարունակել իր կրթությունը: Ավագ դպրոցին զուգահեռ նաև խոհարարություն էր սովորում, սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր: Շատ սիրում էր խոհարարությունը և իրեն պատկերացնում էր այդ մասնագիտության մեջ: Ասում էր՝ գնամ բանակ, վերադառնամ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ, նպատակը տուն «ստեղծելն» էր: Բայց չարաբաստիկ պատերազմը իր երազանքներն ու նպատակները կիսատ թողեց»:

Գառնիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 25-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Այնուհետև տեղափոխվել է Արցախ, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի Ցորի զորամասում՝ որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Տիկին Նարինեն ասում է՝ Գառնիկն այնքան լավ էր տրամադրված ծառայությանը, սիրով է մեկնել բանակ: «Միշտ ասում էր՝ եթե պետք է, ուրեմն կգնամ ու կծառայեմ»: Հետո սկսվեց պատերազմը: Պատերազմական օրերի մասին Գառնիկի հորեղբայրը՝ պարոն Լեռնիկն է պատմում: Ասում է՝ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքը պայմանագրային զինծառայող էր:

«Այդ ընթացքում, երբ խոսում էինք իր հետ, ասում էր՝ հոպա՛ր, դուխով, չվախենաս: Ես՝ պատերազմ տեսած մարդ, 1992-94 թթ. մասնակցել եմ Արցախյան ազատամարտին, իրեն ասում էի՝ ես տեսել եմ պատերազմը, դու քեզ պինդ պահի, չվախենաս: «Հոպա՛ր, չէ՞ որ քո զավակն եմ, ինչի՞ մասին ես մտածում»: Երբ զանգում էր, զրուցում էինք իրար հետ, ինձ թվում էր, որ իմ երիտասարդ տարիներն են»: Բայց պատերազմի օրերին, ավաղ, հորեղբայրն ու Գառնիկը չեն հանդիպել, կարողացել են միայն հեռախոսով զրուցել: Պարոն Լեռնիկն ասում է, որ Գառնիկի զոհվելուց հետո, երբ եղել է Ցորում, տղաներից հարց ու փորձ է արել նրա մասին: «Ընդհանուր հաշվով երևի թե երեք ամիս է այնտեղ ծառայել, բայց բոլորը, ամբողջ գունդն իրեն գիտեր, ճանաչում էր: Շփվող էր, ընկերություն էր անում, երբեմն ասում եմ՝ մարդկանց իրար կապելու սովորություն ուներ: Վախ չուներ: Անընդհատ ուզում էր առաջ գնալ, կռիվը սկսվել էր, ու ինքը միայն դրա մասին էր մտածում՝ առաջ գնալու»: Պարոն Լեռնիկը վերհիշում է՝ եղբորորդու զինակից ընկերները չէին կարողանում իրեն ասել, որ Գառնիկը զոհվել է: Պատերազմի օրերին Գառնիկը հասցրել է լինել Մարտակերտում, Վարանդայում, որտեղ էլ հոկտեմբերի 12-ին զոհվել է:

«Զոհվելուց մեկ օր առաջ տղաները շրջափակման մեջ են եղել, մնացել են առանց հրամանատարի: Այդ ժամանակ իրենց հետ եղած տղաներից մեկը՝ Հայկը, վիրավորվել է: «Ապերս ու իր ընկերը, ճեղքելով շրջափակումը, փրկել են նրան, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ: Նարինեն հոկտեմբերի 11-ի երեկոյան զանգեց, ասաց, որ երեխուց տեղեկություն չկա, զանգեմ իրեն: Գառնիկի ընկերը զանգել ու ասել էր, որ նա վիրավորվել է: Ընկերը նաև ասել էր, որ վիրավոր վիճակում Գառնիկին տեղափոխել են շտապօգնության մեքենա: Նա հենց շտապօգնության մեջ էլ մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել, վիրավորում է ստացել սրտի հատվածում:Մի քանի հոսպիտալներ կային, որոնց հետ կապի էինք դուրս գալիս, բայց երեխուն չէինք գտնում: Հետո կապվեցի Երևան, ծանոթներ գտա, ասացի, որ Գառնիկը վիրավոր է, փորձեն գտնել:

Հայաստանում ու Արցախում բոլոր հնարավոր հիվանդանոցները զանգել ենք: Բայց երբ լուր ստացա, որ Գառնիկին որևէ հիվանդանոցում չեն կարողանում գտնել, ինձ համար ամեն ինչ պարզ էր, հասկացա, թե ինչ է եղել: Հուշեցի, որ Գառնիկին շարունակեն ոչ թե հիվանդանոցներում փնտրել, այլ դիահերձարաններում: Սա ասելը դժվար էր, բայց եթե անդառնալին էր եղել, ուրեմն, իրեն պետք է շուտ գտնեինք»,պատմում է հորեղբայրը: Գառնիկը շուտ է տուն «վերադարձել»: Իսկ հիմա ընտանիքն ապրում է Գառնիկից հետո մնացած դատարկության հետ: Հորեղբայրն ասում է. «Իմ որդին հիմա ծառայում է բանակում: Ու հիմա հատկապես հիշում եմ իրենց մանկությունը, միասին անցկացրած ժամանակը, թե ինչեր ենք միասին արել, թե տղաներն ինչպես են միասին ընկերություն ու եղբայրություն արել: Շատ ծանր է»: Զրույցին միանում է տիկին Նարինեն. «Դպրոցում անգամ ուսուցիչները հաճախակի են հիշում Գառնիկին: Մենք էլ տան ամեն սենյակում, անկյունում կարծես իրեն փնտրենք, հիշենք, թե ինչեր էր անում: Ոչ ոք իր տեղը չի լրացնում, իր թողած դատարկությունը չի լցնում: Ամեն մեկն իր տեղն ունի, Ապերիս տեղը դատարկ է»:

Հ. Գ. - Գառնիկ Ֆիդանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ գյուղի գերեզմանատանը: Ակնալիճում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, այնտեղ անմահացել է նաև Գառնիկի անունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում