Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի իշխանության 7 տարվա հետ կապված շատ է նշվում գլոբալ ձախողումների մասին՝ լինի դա անվտանգության ոլորտը, արտաքին քաղաքականության ուղղությունը, թե շարունակական զիջումները հակառակորդին։ Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն գլոբալ, այլև անգամ մունիցիպալ և ոլորտային ուղղություններով ևս անընդհատ ձախողումներ են և ոչ մի հաջողություն։ Վերցնենք, օրինակ՝ տնտեսությունը։ Այս տարիների ընթացքում այդպես էլ տնտեսական զարգացման հիմքեր չձևավորվեցին։ Տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից։ Իշխանություններն անընդհատ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացման մասին, բայց մեր տնտեսական հոսքերն ավելի ու ավելի են կախվածության մեջ դրվում Ռուսաստանից։ Գումարած՝ այնպիսի հարկային քաղաքականություն է իրականացվում, որ Հայաստանում արտադրանք թողարկելը դառնում է ոչ ձեռնտու։ Այսինքն, ավելի հեշտ է ապրանքները ներկրել, քան Հայաստանում արտադրել ու արտահանել։ Այնինչ շատ երկրներ՝ սկսած Չինաստանից, մեծ ռեսուրսներ են ուղղում տեղական արտադրողներին սուբսիդավորելու նպատակով, որպեսզի խրախուսեն նրանց՝ արտադրելու և արտահանելու հարցում։
Այլ ուղղություններով ևս բարձիթողի իրավիճակ է։ Դիտարկենք, օրինակ՝ հանցավորության դեմ պայքարն ու իրավապահ ոլորտը։ Մինչ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են, երկրում քրեական առումով շատ բարդ իրավիճակ է տիրում։ Գրեթե շաբաթ չկա, որ լրահոսում սպանության, ծեծկռտուքի, «ռազբորկաների» կամ այլ ծանր հանցագործությունների մասին տեղեկություններ չտարածվեն լրատվամիջոցներում։ Արդեն տևական ժամանակ է, ինչ նշվում է, որ ծանր հանցագործությունների առումով իրավիճակն իրոք ծայրահեղ է։ Երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ մարդիկ թշնամացել են միմյանց հետ, մի փոքր վիճաբանությունը կարող է ավարտվել ծանր դեպքով։ Բավական ժամանակ է, ինչ անհանգստություն և մտագոհություններ են հնչում այս կապակցությամբ, բայց «ձայն բարբառո հանապատի»։ Իշխանություններին միայն ընդդիմադիրներին լռեցնելն ու նրանց վրա գործեր «կարելն» է անհանգստացնում։
Վերջին տարիներին ակնհայտ հետընթաց է նաև կրթական ոլորտում։ Ինչ-որ բարեփոխումների անվան տակ անընդհատ փորձարկումներ են կատարում այս ոլորտում, որի պատասխանատուները ձգտում են կրթական բաղադրիչից դուրս հանել մեր ազգայինն ու ինքնության բաղադրիչը կազմող մասերը։ Այսինքն, իշխանությունների կողմից խնդիր է դրվել, որ կրթությունը ևս համապատասխանեցվի «խաղաղության օրակարգի» կամ դրա, այսպես ասած, նոր տարածաշրջանային իրողությունների տրամաբանությանը։ Իսկ սա նշանակում է խեղաթյուրել հայ ժողովրդի պատմությունն ու պատմական ժառանգության մասին պատկերացումները։
Միևնույն ժամանակ, գիտական ու վերլուծական լուրջ միտքն անտեսվում է, էլ չենք խոսում առողջ քննադատության մասին, իսկ դրա փոխարեն այսօրվա քաղաքական վերնախավն իր քայլերով խրախուսում է մակերեսայնությունը, ցուցադրականը, որն էլ պետք է նպաստի մարդկանց շրջանում սոցցանցային մտածողության ձևավորմանը, երբ հանրությունն ավելի հանգիստ կմանիպուլացվի՝ առանց լուրջ վերլուծության ենթարկելու իրավիճակը։ Արդյունքում այնպիսի պատկեր կձևավորվի, որ մարդիկ պարտությունը կհամարեն հաղթանակ, կհպարտանան պարտությամբ կամ էլ հակառակորդին արված զիջումները կդիտարկեն որպես երկրի ինքնիշխանության պաշտպանությանը միտված քայլ։
Անգամ սպորտի ոլորտում է իրավիճակը շատ ծայրահեղ, ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա հենց վերը նշվածի կոնտեքստում։ Այն մարզիկները, որոնք ժամանակին մեծ ավանդ են ներդրել Հայաստանի անունը բարձր պահելու համար, իրենց զգում են անտեսված։ Իշխանությունները նեղացրին, օրինակ՝ Լևոն Արոնյանին, որը Հայաստանի դրոշի ներքո հանդես չի գալիս դրանից հետո, նաև Հենրիխ Մխիթարյանին, որը ստիպված ժամանակից շուտ դադարեց հանդես գալ հավաքականի կազմում, և այլն։ Փաշինյանին ու իր թիմին հաղթողներ պետք չեն։ Նրանք պարտության խորհրդանիշ են, ու պետք է պարտություն լինի ամեն ոլորտում, և դրան պիտի հասարակությունը վարժվի:
Կարճ ասած՝ իշխանություններն անգամ փոքր հարցերում են ձախողվել, չնայած կա կարծիք, որ շատ դեպքերում գործ ունենք ոչ թե զուտ ձախողման, այլ հստակ քաղաքականության հետ: Իսկ այս պայմաններում անիրական է դառնում ակնկալել, թե գլոբալ խնդիրներում հնարավոր է բեկում մտցնել ու հաջողություններ արձանագրել այս իշխանությունների օրոք։ Միակ հարցը մնում է այն, թե մինչև երբ է հայ ժողովուրդը հանդուրժելու, որ եղածը քանդեն: Մինչև վե՞րջ, երբ այլևս ավերելու ոչինչ չմնա՞...
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում