Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ. ահա թե ինչու. Վարդան Օսկանյան
Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլում Բաքուն Երևանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, որում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջ չի լինի: Իրեն հարգող ՀՀ ցանկացած կառավարության համապատասխան արձագանքը պետք է պարզ և վճռական կլինի.«Դա ձեր գործը չէ». այս մասին «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Ստորև ներկայացնում ենք Օսկանյանի հոդվածը.
«Եվ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, պատրաստ է կատարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները։ Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի տակ թաքնված է ակնհայտ հակասություն իր իսկ Սահմանադրության շրջանակում, որը պահանջում է մանրակրկիտ քննություն ոչ միայն իր իրավական անհամապատասխանության, այլև ապակայունացնող նախադեպի համար, որը կարող է ստեղծվել:
Եթե Ադրբեջանն իսկապես հանձնառու է ներկայիս իրողությունների և փոխադարձ ճանաչման վրա հիմնված ապագայի կառուցմանը, ապա պետք է նաև առերեսվի իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:
Պետության անկախության մասին Ադրբեջանի 1991 թվականի սահմանադրական ակտը դուրս է սոսկ ինքնիշխանության հռչակումից: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը բացահայտորեն ներկայացնում է որպես 1918–1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջությունը։ Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության պարտադրումն անօրինական բռնակցում էր և մերժում է բոլոր պայմանագրերն ու ներքին խորհրդային օրենքները, որոնք հաջորդել են դրան: Այսպես վարվելով՝ Ադրբեջանը խորհրդանշականորեն և իրավաբանորեն անջատվում է խորհրդային ժամանակաշրջանից, ներառյալ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք Լեռնային Ղարաբաղը փոխանցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին 1921 թվականին...
Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս հաջորդականությունը, հատկապես առաջին հանրապետության 90-ամյակի կապակցությամբ 2008–2009 թթ. ազգային տոնակատարությունների ժամանակ։ Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը սոսկ հետխորհրդային պետություն չէ, այլ Խորհրդային Միությունից առաջ գոյություն ունեցած պետության վերածնված մարմնավորումը:
Այնուամենայնիվ, այս պատմական կեցվածքը զուգակցվում է մի անհարմար ճշմարտության հետ. 1918–1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ չէին որոշվել։ Առաջին հանրապետությունները զինված հակամարտություններում էին մի քանի շրջանների, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ժամանակահատվածում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը կայուն չէր և հաճախ որոշվում էր ռազմական ուժի, դիվանագիտության կամ արտաքին միջամտության միջոցով: 1918-1920 թվականների հանրապետության ժառանգության վկայակոչմամբ այսօր Լեռնային Ղարաբաղին հավակնելը, հետևաբար, նշանակում է վերադառնալ վիճելի և ոչ միանշանակ տարածքային պայմանավորվածությունների դարաշրջանին:
Բայց Ադրբեջանը չի կարող մերժել խորհրդային իրավական կարգը՝ հիմնվելով խորհրդային ժամանակների որոշումների վրա՝ արդարացնելու իր տարածքային պահանջները: Խորհրդային Կովկասյան բյուրոյի 1921 թվականի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը դրվեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ, խորհրդային քաղաքական ակտ էր։ Ադրբեջանն անվավեր ճանաչելով խորհրդային բոլոր իրավական և վարչական որոշումները, անվավեր է համարում նաև այս փոխանցումը։
Իրավական տրամաբանությունը, որը նա կիրառում է ԽՍՀՄ կազմավորման օրինականությունը ժխտելու համար, պետք է նաև կիրառելի լինի ներքին սահմանների վերաբերյալ ԽՍՀՄ-ի կայացրած որոշումների նկատմամբ, եթե, իհարկե, Ադրբեջանը որոշի հանուն իր շահի խորհրդային օրենքներն ընտրողաբար «վերակենդանացնել»՝ խաթարելով իր սահմանադրական կարգի բուն համահունչությունը:
Այս անհամապատասխանությունն ավելի ցայտուն է դառնում Բաքվի՝ Հայաստանի սահմանադրական դրույթները վերանայելու և տարածքային ամբողջականության սկզբունքին համապատասխանեցնելու պահանջների համատեքստում: Եթե Հայաստանից ակնկալվում է վերացնել որևէ երկիմաստություն՝ կապված Ադրբեջանի սահմանների ճանաչման հետ, ապա Ադրբեջանը պետք է հավասարապես պատրաստակամություն դրսևորի՝ ապահովելու, որ իր Սահմանադրությունն այլևս հիմնված չլինի այդ նույն սահմաններին նախորդող և հակասող իրավական ինքնության վրա։ Սահմանադրական կարգը, որը միաժամանակ հիմնվում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգության վրա և ժխտում ժամանակակից սահմանները հաստատող իրավական կառուցվածքը, չի կարող է պահանջել հստակություն և վերջնականություն իր հարևաններից:
Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է շրջել մեկդարյա հակամարտությունների էջը և կառուցել կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է նախ ինքն իրեն նայի և ապահովի, որ իր սահմանադրական խոսույթը չի հավերժացնում իրրեդենտիստկան երկիմաստությունը: Սա կպահանջի վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումը, վերադարձնել օկուպացված հայկական տարածքները և պաշտոնապես հրաժարվել Հայաստանի դեմ տարածքային պահանջներից։ Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել թաղել անցյալը՝ մինևնույն ժամանակ ինքը կառչած մնալով պատմության այն տարբերակից, որը խաթարում է ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակը։ Ի վերջո, խաղաղությունը կառուցված է ոչ միայն սահմանադրությունների և պայմանագրերի, այլ նաև մտավոր և իրավական ազնվության վրա, մի բան, որը պետք է սկսել հենց քո երկրից»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT