Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սոցիալական ցանցերում, մասնավորաբար Ֆեյսբուքում ստեղծվել են մի քանի խմբեր, որոնք, ըստ իրենց անվանման, առնչվում են «սննդի անվտանգությանը»: Այդ էջերում տարբեր քաղաքացիներ հրապարակում են լուսանկարներ, կատարում են գրառումներ՝ հայկական տարբեր արտադրանքներում իբր «քարուերկաթ» գտնելու, անորակության կամ այլ առերևույթ խախտումների մասին:
Սակայն հարցն այն է, որ այդ լուսանկարների ու գրառումների գերակշիռ մասը նախ՝ բացարձակ ապացուցողականություն չունի, երկրորդ՝ ուշագրավ է, որ դրանց գերակշիռ մեծամասնությունն առնչվում է հայաստանյան ամենաառաջատար, ամենահայտնի բրենդներին: Պատահական չէ, որ շատերի շրջանում այնպիսի տպավորություն է՝ կարծես այդ գրառումները ինքնադրսևորման միջոց են կամ նշյալ ընկերություններին դիտավորյալ վարկաբեկելու փորձ: Կասկածներ կան, որ ոմանք նման գրառումներով ձգտում են հասնել նրան, որ այս կամ այն ընկերությունից կապ հաստատեն իրենց հետ: Իսկ թե ինչ ակնկալիքով, թողնում ենք ընթերցողին: Հակառակ դեպքում, եթե իրականում խնդիր լիներ, մարդիկ կդիմեին համապատասխան մարմիններին, առաջին հերթին՝ Սննդի անվտանգության տեսչական մարմին:
Փոխարենը մենք ենք դիմել ՍԱՏՄ՝ խնդրելով պատասխանել՝ սրդյո՞ք ՍԱՏՄ-ն «գնում է» այդպիսի տեղեկությունների հետևից, և եթե այո, ապա այդպիսի «ահազանգերի» ո՞ր մասն է, ի վերջո, ապացուցվել։ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը ևս հաստատեց, որ իսկապես հիմնականում մեծ կազմակերպությունների, հանրահայտ բրենդների մասին է խոսքը, իսկ նրանց պարագայում այդպիսի խնդիրներ լինել ուղղակի չեն կարող:
Նա նաև նշեց, որ, այո, այդպիսի լուսանկարները հաճախ կարող են նաև նորմալ չլինել։
«Հիմնականում ՍԱՏՄ-ն չի գնում այդպիսի տեղեկությունների հետևից, որովհետև դրանք ապացուցել ուղղակի հնարավոր չէ։ Չենք կարող հիմք վերցնել մարդու մոտ եղած մթերքը, պետք է տեղում տեսնենք, ուսումնասիրենք և հասկանանք՝ այդպիսի խնդիր կա, թե ոչ։ Ի վերջո, երբ ֆիզիկական ինչ-որ խնդիրներ են հայտնաբերվում սննդամթերքի մեջ, դա նշանակում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Եթե խոսքը հանրահայտ արտադրությունների, խոշոր ընկերությունների մասին է, որոնք մենք պարբերաբար, բազմիցս ստուգել ենք, վստահաբար այնտեղ չենք էլ գնա, որովհետև գիտենք, թե ինչպիսին են նրանց սանիտարահիգիենիկ պայմանները, հոսքագծերը և այլն։ Այսինքն, այնտեղ գնալ, ևս մեկ անգամ ռեսուրս ծախսել և նորից համոզվել, որ սանիտարահիգիենիկ պայմանները նորմալ են, իմաստ չունի, որովհետև հոսքագծերն արդեն ստուգված են, և այնտեղ այդպիսի խնդիրներ հայտնաբերել ուղղակի հնարավոր չէ»,-ասաց Հարությունյանը։
Միևնույն ժամանակ հավելեց. «Եթե լինում են դեպքեր, որ մեզ անհայտ տեղից, անհայտ արտադրության մթերք է ներկայացվում, առավել ևս, եթե այդ կազմակերպությունը գրանցված չի լինում սննդի շղթայի օպերատորների բազայում, փորձում ենք անպայման արձագանքել, նվազագույնը այնտեղ լինել՝ հասկանալու համար, թե ինչպիսին են սանիտարահիգիենիկ նորմերը։ Եթե համապատասխանում են իրականությանը, տնտեսվարողը նվազագույնը տուգանվում է այն պատճառով, որ գրանցված չէ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչն իր պարտականությունն է և պարտադրված է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով։ Ընդ որում, շատ հաճախ տեսնում ենք, որ այն կազմակերպությունները, որոնք խուսափում են գրանցվելուց, նաև սանիտարահիգիենիկ նորմերի խնդիրներ ունեն։ Եվ այդ դեպքում համապատասխան քայլեր են ձեռնարկվում»։
Հավելենք, որ, ըստ մեր դիտարկումների, նման լուսանկարներն ինքնին բավական կասկածելի են, ավելին՝ նույնիսկ այդ հրապարակումների ներքո մեկնաբանություններում մեծ մասը թերահավատություն է ցուցաբերում դրանց ճշմարտացիության հանդեպ: Այսինքն, սա այն դեպքերից է, որ հատկապես հայտնի բրենդների պարագայում այդպիսի «ահազանգերին», սիրողական մակարդակի հրապարակումներին չպետք է լուրջ վերաբերվել, այլ պետք է հետևել միայն իրավասու մարմինների, մասնավորաբար ՍԱՏՄ-ի արձագանքներին ու հայտարարություններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ