Վերազինվում է Արցախի էներգահամակարգը։ Ռազմավարական ծրագրի արժեքը կկազմի 17 մլրդ դրամ
Արցախի Հանրապետության էներգահամակարգը շարունակում է վերափոխվել ու վերազինվել, համապատասխանեցվել միջազգային պահանջներին։ Քառամյա ռազմավարական ծրագիրը, որը մեկնարկել է 2019 թ. եւ հաշվարկների համաձայն կարժենա 17 մլրդ դրամ, կընդգրկի ողջ համակարգը եւ ավարտին կհասցվի 2023-ին։
«Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձր լարման ցանցի զարգացման նպատակով լիովին վերափոխել ենթակառուցվածքները եւ մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները։ Իրականացվող աշխատանքների շնորհիվ տարեկան 500 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կմատակարարվի Հայաստանի Հանրապետություն։ «Ծրագիրը, որի իրագործումը թույլ կտա բարելավել համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը, կիրականացվի չորս փուլով,–ասում է Ա. Խաչատրյանը՝ կարեւորելով բարեփոխումների ռազմավարական նշանակությունը։–Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ էներգիայի արտադրության ներուժը, մենք տարածաշրջանում արտահանման տեսանկյունից առավել լայն հնարավորություններ կունենանք։ Նախորդ տարվա համեմատությամբ գրեթե հինգ անգամ կաճի Հայաստանի Հանրապետություն արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը, ինչը շարունակական գործընթաց է, եւ, համոզված եմ, փոխգործակցության ամրապնդման պարագայում տնտեսական լուրջ ձեռքբերումներ կարձանագրենք համակարգում»։
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից կարեւոր քայլ կհամարվի Ստեփանակերտի ամենախոշոր ենթակայանի տեղափոխումն ու վերազինումը։ Իրականացվող աշխատանքներին ծանոթացել եւ հետեւել է երկրի նախագահը, ով էներգահամակարգի ռազմավարական «շեշտադրումներն» ընդգրկել է իր նախընտրական ծրագրում եւ մեծ ակնկալիքներ ունի։
«Արցախէներգոյի» տնօրենը տեղեկացնում է, որ շարունակվում են դեպի Հայաստան օդային նոր գծերի կառուցումը եւ գործող ենթակայանների նորոգումը։ Արդեն ամբողջովին ավարտվել են Աղավնո եւ Սպիտակաջուր-Սառնաղբյուր ենթակայանների վերականգնողական եւ հզորացման աշխատանքները։ Գրեթե ավարտված են Աղավնուց՝ Շինուայր ձգվող օդային երկու գծի նորոգումները։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում եւս մեկ ենթակայան կառուցել «Մաղավուզի խաչմերուկում»։ Օրեր առաջ Դադիվանքի հարեւանությամբ կառուցված նոր ենթակայանի շինարարական աշխատանքների ավարտի մասին զեկուցել են շրջանի էներգետիկները։ Տեղադրվող սարքավորումները գերժամանակակից են, եւ բախշիչ ցանցն արդիականանալով՝ էլեկտրաէներգիայի բարձր որակ կապահովի, լիովին կարդարացվեն սպառողների ակնկալիքները։
Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ հայցելով անջատումների համար բաժանորդների ներողամտությունը, ընկերության ղեկավարը վստահեցնում է, որ «ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելուց հետո իսպառ կվերանան վթարներն ու դժգոհությունները, արդյունքում կունենանք կայուն, գիտատեխնիկական հիմքերի վրա դրված հզոր համակարգ»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց