Ինչ է սպասվում այսօր. ՊՆ կոշտ հայտարարությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին տարածել է հայտարարություն, որտեղ խոսելով սահմանին ստեղծված հայտնի իրավիճակի մասին նշում է առաջընթացի էական բացակայությունը, խոսում խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, միաժամանակ սակայն հայտարարում է, որ ողջամիտ ժամկետում դա տեղի չունենալու դեպքում Հայաստանի հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում դիմել ընդհուպ ուժային լուծման տարբերակի: Խոսքը վերաբերում է Հայաստանի սահման անցած ադրբեջանական ստորաբաժանումներին հետ մղելուն կամ չեզոքացնելուն: Ինչպես հայտնի է, մայիսի 16-ին տեղի ունեցած հարաբերական արդյունավետությամբ բանակցությունից հետո հայտարարվեց, որ հաջորդ բանակցությունը լինելու է մայիսի 19-ին:
Եռօրյա դադարի ընթացքում ծավալվել է մի քանի իրողություն: Նախ Հայաստանի վարչապետը հայտարարեց սահմանին ադրբեջանցիների որոշակի գործողությունների մասին, որոնք պարունակում են լարվածության աճի միտում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արագացնում են հայ-ռուսական ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման ընթացակարգը: ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, թե պետք չեն ավելորդ հույզեր՝ խնդիրը լուծելի է: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա դատապարտել էր սադրանքը և նշել, որ Ադրբեջանին փոխանցելու է զորքը հետ քաշելու պահանջը: Տեղի ունեցավ նաև Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույց: Ինչ սպասել մայիսի 19-ի բանակցությունից, որին ընդառաջ փաստորեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը անում է կոշտ հայտարարություն, որոշակի նախազգուշացման տոնայնությամբ: Միաժամանակ, ո՞րն է այն ողջամիտ ժամկետը, որ հայտարարության մեջ նշում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ասելով, թե այդ ժամկետում բանակցային հանգուցալուծում չլինելու դեպքում Երևանը իրավունք կվերապահի դիտարկել ուժային լուծումը: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք: Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ հայկական զինուժը կանխում է սահմանն անցած ադրբեջանցիների թիկունքային ապահովման փորձերը, որ անում է ադրբեջանական կողմը: Այլ կերպ ասած, կա որոշակի տպավորություն, որ խոսքը ըստ էության, թեկուզ որոշակի պայմանականությամբ, բայց շրջափակված վիճակի մասին է:
Հայաստանն ունի սահմանի անձեռնմխելիության միջազգային հստակ գնահատական և դա ըստ էության նշանակում է նաև Հայաստանի ուժի իրավունքի ճանաչում: Իհարկե, այստեղ բուն հարցն այն է, որ ուժը կբերի հակառակ կողմի պատասխանի և կարող է առաջանալ Սյունիքում ռազմական էսկալացիայի իրական վտանգ և մասշտաբային գործողությունների ռիսկ: Բայց, դա նշանակում է, որ այդ դեպքում գործի պետք է դրվի հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը: Ռուսաստանի համար դա բարդ վիճակ է՝ մի կողմից այդ պայմանագրի պարտավորությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ չբախվելու ռազմավարությունը: Դա իհարկե Ռուսաստանի խնդիրն է, բայց մյուս կողմից կա մեկ այլ նուրբ հարց:
Ռուսաստանը սովորաբար իր այդ խնդիրները փորձում է լուծել պատասխանատվությունը Հայաստանի վրա տեղափոխելով, դրա համար օգտագործելով բազմաթիվ բաց և ծածուկ տեխնոլոգիաներ: Որոշումներից առաջ այդ հարցն ունի մանրակրկիտ դիտարկման անհրաժեշտություն:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը