Գարեգին Բ-ն հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաև կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:
Ուրախություն հայտնելով Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծել է, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլև միտված է նպաստելու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների և գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի և իր ուսումնառության տարիները, անցած հոգևոր ծառայության ուղին:
Վեհափառ Հայրապետը կարևորել է նման այցելությունները` անդրադառնալով նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատել է, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաև նշել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն և իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրել է նաև Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգևոր կյանքի ներկայիս կացությունը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս անդրադարձ է կատարել Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգևորականների պատրաստության և եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվել է Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների մասին:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգևոր եղբորը մաղթել է արևշատ կյանքի երկար օրեր և արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան