Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»
Քաղաքականություն

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ցանկանում եմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի մի քանի առանցքային սկզբունքներ, ինչպես նաև մեր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ որպես բաց և բովանդակալից երկխոսության հրավեր մեր միջազգային գործընկերներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։

1. Առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Սա գաղափարների, ծրագրերի և պետության զարգացման մոտեցումների մրցակցություն է, որը պետք է տեղի ունենա սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։

2. Ներքին բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն սահմանադրական ընթացակարգերի միջոցով։ Մենք համոզված ենք, որ քաղաքական գործընթացների լեգիտիմության և կանխատեսելիության ամրապնդումը պետության կայունության և հասարակական վստահության հիմքն է։

3. Մոտ ժամանակներում մենք կներկայացնենք արտաքին քաղաքականության մեր հայեցակարգը, որը հստակորեն ցույց կտա, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու հավասարակշռությունը, հուսալիությունը և կայունությունը գործընկերների հետ հարաբերություններում։

4. Մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքում դրված է ռազմավարական և կանխատեսելի հավասարակշռության վերականգնման սկզբունքը։ Հայաստանը գործընկերային հարաբերություններ է կառուցելու միջազգային բոլոր հիմնական դերակատարների հետ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև հարևան պետությունների հետ։ Մեզ համար սա միջազգային հարաբերություններում վստահելիության և կանխատեսելիության ամրապնդման համակարգային ռազմավարություն է։

5. Հայաստանը պետք է դառնա ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի և նոր հնարավորությունների համար բաց երկիր։ Մենք տեսնում ենք առանձնահատուկ ներուժ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների և հաղորդակցության ուղիների զարգացման մեջ, ինչը կարող է ուժեղացնել Հայաստանի դերը՝ որպես տնտեսական տարածքները կապող օղակի։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիական տնտեսությունը, աջակցել նորարարություններին, թվային ենթակառուցվածքների և նոր ոլորտների զարգացմանը։ Ներդրումները, ենթակառուցվածքային նախագծերը և տեխնոլոգիական զարգացումը ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլև երկարաժամկետ կայունության և տարածաշրջանային ազդեցության հիմք են։

6. Միջազգային գործընկերների հետ շարունակական և կառուցողական երկխոսությունը հնարավորություն է տալիս արտաքին քաղաքականությունը, տնտեսական ռազմավարությունը և ինստիտուցիոնալ զարգացումը միավորել մեկ ամբողջական, փոխկապակցված տեսլականի մեջ։

7. Անվտանգության և խաղաղության հարցը հայ ժողովրդի համար ունի խոր պատմական հիմքեր։ Մեր առաջնահերթ նպատակը երաշխավորված և արդար խաղաղության հաստատումն է։

8. Հայերն աշխարհի տարբեր երկրներում միշտ կարևոր ներդրում են ունեցել իրենց բնակության երկրների զարգացման մեջ։ Այսօր մենք առաջարկում ենք մոտեցում, որը Սփյուռքի ներուժը դիտարկում է ոչ միայն որպես ռեսուրս, այլ որպես Հայաստանի ռազմավարական խորության ընդլայնման գործոն։ Մենք ծրագրում ենք Սփյուռքի ներգրավումը տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նախագծերում, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը և դերը միջազգային ասպարեզում։ Մեր խնդիրն է ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է բնական կամուրջ դառնալ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև՝ հայ ժողովրդի գլոբալ ներկայությունն օգտագործելով որպես ռազմավարական խորության գործիք։

Իմ թիմում այսօր համախմբված են մասնագետներ, որոնք ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության փորձ, պրոֆեսիոնալներ, որոնք կարող են հավասարակշռված որոշումներ ընդունել երկրի զարգացման և ժողովրդի շահերի պաշտպանության համար։

Մեր նպատակը կայուն, անվտանգ և զարգացող Հայաստան կառուցելն է։ Պետություն, որն ամրապնդում է իր ինստիտուտները, որի արտաքին քաղաքականությունը վերականգնում է ռազմավարական հավասարակշռությունը և լիարժեքորեն բացահայտում իր ժողովրդի ներուժը։

Մենք տեսնում ենք Հայաստանը որպես երկիր, որը կապում է տարածաշրջանները և ստեղծում համագործակցության հնարավորություններ։