Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմում անմահացած 38 զինծառայողի: Նրանց բոլորի ծառայությունն անցել է Սյունիքի մարզում, նրանք, ավաղ, սեփական կյանքի գնով անառիկ են պահել Հայաստանի սահմաններն Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական գործողությունների ժամանակ: Գրքի ստեղծման գաղափարը ծագել է ծնողների մոտ: Երկար ճանապարհ է անցել խմբագրակազմը տղաների պատմությունները վավերագրելու համար, երկար ու բարդ, բայց շատ արժեքավոր: Գիրքը ձեզ կպատմի տղաների, նրանց կիսատ մնացած կյանքի մասին: Այնտեղ չկան անտեղի պաթոս ու բարձրագոչ բառեր: Մեկտեղվել են կարոտի ու սպասման տողերը: Այդպիսին էր նաև գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառումը: Ասմունքի, երաժշտության հնչյունների ներքո էկրանին հայտնվում էին տղաների լուսանկարները՝ միայնակ, հայրերի ու մայրերի, քույրերի ու եղբայրների հետ: Նրանք այդ օրը համերգասրահում էին: Ես կրկին հասկացա, թե ինչպես է լինում, որ հպարտությունն ու ցավը մեկտեղվում են: Բարդ էր արցունքները զսպելը, բարդ էր ափսոսանքի, բայց նաև մեղավորներին ուղղված խոսքեր չասելը, բայց մտքում կամ ցածրաձայն, որովհետև անթույլատրելի էր խախտել այդ սուրբ լռությունն ու համակ ուշադրությունը, որ տիրում էր դահլիճում:

Ոչ մեկ անգամ ենք առիթ ունեցել պատմելու Սեպտեմբերյան պատերազմի մասին, որը մեր պետության ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ագրեսիա, սահմանային միջադեպ են անվանում: Բայց այն պատերազմ էր, պատերազմ, որի ժամանակ զինվորներն անօգնական մնացին, թիկունքը՝ բաց: Հարուցված քրեական գործերը, որոնք մինչ օրս չեն տվել ծնողների հարցերի պատասխանները, որպես ապացույց այս դիտարկումների:

Եվ հիմա ծնողները, որոնք շարունակում են հարցեր ուղղել, որոնք որդիների զոհվելուց երկուսուկես տարի անց էլ շարունակում են այդ օրվա ողբերգության հետ կապված նոր հանգամանքներ բացահայտել, իրենց որդիներին ապրեցնելու հերթական առաքելությունը՝ «Նժդեհի հետնորդները» գիրքն են կյանքի կոչել:

Անկեղծ պիտի լինենք ընթերցողների հետ, ինչպիսին փորձում ենք լինել մեր բոլոր տղաների մասին պատմող նյութերում: 350-ից ավելի նյութ ենք հրապարակել «Փաստ» թերթում: Ցավի, սպասման, կարոտի, անսահման սիրո մասին են այդ նյութերը: Ու ես, որ իրապես զգում ու հասկանում եմ մեր պետության ու ժողովրդի հետ պատահած ողբերգության ծավալները, գոնե ինձ այդպես է թվում, այդ օրը կարծես այլ զգացողություններ ապրեցի: Հիմա պատմեմ, թե ինչու: Մեծ փորձություն էր այդ օրը մեկ վայրում տեսնել որդեկորույս մայրերի ու հայրերի, եղբայրների ու քույրերի: Սևազգեստ մայրեր, որոնց պարանոցներին որդիների նկարներով կամ անվան առաջին տառերով կախազարդեր էին, հայրեր, որոնց միացրել է ընդհանուր ցավը, տղաների եղբայրներն ու քույրերը, որոնք գուցե այդպես էլ իրար ճանաչելու առիթ չունենային, բայց հանձինս իրար ընկերներ են ձեռք բերել:

Մենք, միևնույնն է, չենք պատկերացնում մեզ բոլորիս համակած ցավի չափը, գույնը գիտենք, որ սևն է, բայց չափի ու ձևի մասին պատկերացում անգամ չունենք: Մինչև այս պատերազմները, երևի թե, կարող էի ասել, որ իմ շրջապատում քիչ եմ տեսել արցունքները չզսպող տղամարդկանց: Այդ օրը հայրերը ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս դահլիճից, նրանք, որ ստանձնել են ընտանիքում ուժեղն ու ամուրը լինելու առաքելությունը, չէին կարողանում հուզմունքը զսպել: Հետևի շարքում նստած տղամարդկանցից մեկն ասաց՝ այս դահլիճում մի քանի տարի առաջ եմ եղել, ինչ-որ համերգ էր, ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո նույն դահլիճում այս առիթով պետք է ներկա գտնվեի:

Հուզմունք, հպարտություն, կարոտ, ամեն ինչ իրար էր խառնվել: Եվ միայն տղաների նորածին եղբայրների ու քույրերի ճիչերն էին փաստում, որ կյանքը շարունակվում է: Որքան էլ այն այլևս երբեք առաջվանը չի լինելու այս ընտանիքների և մեզ բոլորիս համար, որոնք գիտակցում են մարդկային կորստի չափը, բայց հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ՝ կյանքի գինն են վճարել: Հրամայականն է ապրել արժանապատիվ, վայել այն սխրանքին ու զոհողությանը, որ մեր հազարավոր տղաների կյանքն է արժեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում