Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ալո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 21.1 տոկոս անկում, իսկ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ՝ 10.5 տոկոս։

Մտահոգիչ պատկեր է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի արդյունաբերական հզորությունների ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության վրա։

Մինչդեռ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տևական ժամանակ տարվող հակաքարոզչությունը Հայաստանի տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող ոլորտի դեմ նույնպես, կարծես, առանձնապես չի «անհանգստացնում» մեր հանրության մասնագիտական լայն շրջանակներին։

Բաքվում արդեն սկսել են Հայաստանի հանքարդունաբերության դեմ քարոզը տարածել նաև ուսանողության շրջանում։

Անցած շաբաթ 2022-2023թթ. Լաչինի միջանցքը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներից» կազմված «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան այցելել էր Բաքվի պետական համալսարան։ Այդ կոալիցիայի նախաձեռնող, Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ ղեկավար Մուգաբիլ Բայրամովը երիտասարդների ուշադրությանն էին ներկայացրել դեռևս փետրվարին իրենց կողմից հրապարակված Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը։

Հանդիպման նպատակներից էր՝ համալսարանի դասախոսներին և ուսանողներին խրախուսել, որպեսզի համատեղեն իրենց ջանքերը «Հայաստանի պատճառած տարածաշրջանային աղտոտման» հետևանքով առաջացած շրջակա միջավայրի վնասը գնահատելու և դրա դեմ պայքարելու համար։

Իսկ Հայաստանի իշխանություններն անգամ չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառի հատման փաստը։ Մոտավոր հաշվարկներով առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել այդ տարածքից։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ էկոցիդ, ինչում փորձում է մեղադրել մեզ Ադրբեջանը՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց ներկայացնելով Հայաստանի դեմ և փոխհատուցում պահանջելով՝ իբրև շրջակա միջավայրին հասցված վնասի ու Արցախի եզակի բնության ոչնչացման համար։

Այս մեղադրանքներին զուգահեռ՝ Արցախում բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է սկսել Կաշենի պղնձամոլիբդենային հանքի շահագործումն ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Բացի այդ՝ Բաքվում ներկայացվել է Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» բնական պաշարների ատլասը։

Հայ բնապահպանների թեթև ձեռամբ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ վայրահաչող Ադրբեջանը, բնականաբար, պատրաստվում է շահագործել և տնտեսական օգուտ ստանալ այդ պաշարներից։

Այս ամենը հուշում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման ու փոխադարձաբար միջազգային ատյաններ ներկայացված դատական հայցերից հրաժարումը չի դադարեցնի Ադրբեջանի կողմից մեր դեմ իրականացվող հիբրիդային տեղեկատվական պատերազմը։ Եվ դրան ի պատասխան՝ մեր երկրի կողմից պետք է տարվի գրագետ տեղեկատվական քաղաքականություն՝ նախևառաջ սեփական հանրությանը տեղեկացնելու արդյունաբերության կարևորության մասին, որից հետո միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքի արդյունքում գոնե որոշ չափով կչեզոքացվեն ադրբեջանական կեղծ քարոզչության հնարավոր բացասական հետևանքները։

Ընդ որում՝ ազգային անվտանգության խնդիր պետք է դիտարկվի Հայաստանի ներսում երկրի կարևորագույն ոլորտների վերաբերյալ կեղծ, հակագիտական տեսակետների տարածումը՝ ապատեղեկատվություն, որը նույնպես լուրջ զենք է դառնում թշնամու քարոզչական զինանոցում։ Պետական մակարդակով անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում՝ երկար ժամանակ կիրառվող բացահայտ սուտը մի օր կվերածվի բացարձակ ճշմարտության և այդ ժամանակ արդեն ուշ կլինի որևէ կերպ պաշտպանվելու համար։