Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Գերխնդիրը բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետական կազմավորում, գոյություն ունի արդեն 34 տարի (1991 թ. սեպտեմբերի 21-ից հաշված): Բնականաբար, կազմավորման օրվանից կան մեր պետության հանդեպ ինչպես բարեկամաբար, այնպես էլ թշնամաբար, այդ թվում՝ ծայրահեղ թշնամաբար տրամադրված երկրներ, հատկապես՝ հարևանների շարքում:

Թշնամիներն «ավանդական» են՝ Թուրքիան ու մոտ 100 տարի առաջ թուրքական ջանքերով ձևավորված արհեստական պետություն Ադրբեջանը: Վերջին 34 տարվա ընթացքում, այսինքն՝ ՀՀ վերաանկախացումից ի վեր, ինչի՞ դեմ են պայքարել, ինչի՞ դեմ են կռվել կամ ի՞նչ թիրախներ են ունեցել մեր երկրի ու մեր ազգի, ժողովրդի թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը:

Առաջինը, հասկանալի է, մեր թշնամիների թիրախը եղել է Արցախը: Որպես օժանդակ թիրախ՝ դիտարկվել են Հայոց բանակը, զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակը: Մեր թշնամիներն ի սկզբանե կարծել են, թե հայությանը չի հաջողվի բանակ ստեղծել: Բայց, թշնամիների սանձազերծած պատերազմին զուգահեռ, մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել բանակ, այլև ձևավորել մեր փոքր տարածաշրջանի ամենից մարտունակ, ի լրումն՝ հաղթական ընթացքով փառք նվաճած բանակ: Որն էլ, ի լրումն, Հայաստանը դարձրեց «տարածաշրջանային» խաղացող՝ արտաքին-քաղաքական ասպարեզում:

Երկրորդը, ինչի դեմ պայքարել ու պայքարում են մեր թշնամիները, հայկական Սփյուռքն է: Պատահական չէ, որ անցած տարիներին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական զանազան շրջանակներ հայկական Սփյուռքի տարբեր գաղթօջախների, նաև առանձին հայտնի սփյուռքահայ գործիչների ճնշելու կամ վարկաբեկելու, սփյուռքյան կազմակերպությունների դեմ հակաքարոզչություն իրականացնելու բազմաթիվ փորձեր են արել:

Երրորդը՝ Թուրքիան ու որոշ չափով նաև Ադրբեջանը մշտապես ջանքեր են գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ: Ըստ որում, այդ ջանքերը հիմնականում ձախողվել են, հատկապես՝ 1995-2015 թվականների ժամանակահատվածում:

Չորրորդ. թշնամիների թիրախում մշտապես եղել են Հայ առաքելական եկեղեցին, հայության հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանները:

Այս ցանկը բավական երկար կարող է լինել, այդ թվում՝ Հայաստանի պետականության կորստի թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը, սակայն այս պարագայում բավարարվենք հիմնական, առանցքային հարցերով, որոնց թուլացման միջոցով էլ նրանք, ի վերջո, փափագում են հասնել նշյալին:

Բայց... Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ամեն ինչ պարզ է. նրանք թշնամիներ են, նրանց նպատակը պարզ է: Իսկ ի՞նչ են արել վերջին 7 տարում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Եկեք նորից ու միասին «անցնենք» վերոթվարկյալ կետերով:

Առաջին՝ Արցախ: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքն այն է, որ. ա) Արցախի տարածքն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանական ու թուրքական զորքերի կողմից, բ) ՀՀ իշխանությունը պաշտոնապես ուրացել է Արցախի հայկականությունը և այն հայտարարել է Ադրբեջանի մաս, գ) հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը լիովին հայաթափված է:

Որպես զուգահեռ հետևանք՝ կազմալուծված, վերացված է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը այսօր Բաքվի զնդաններում է և, կտտանքների ենթարկվելով, «դատվում» է: Ավելորդ է ասել, որ դա ևս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «քաղաքականության» ուղիղ հետևանք է:

Հաջորդը՝ Սփյուռք: Փաշինյանն ու ՔՊ-ն էական ջանքեր են գործադրել, որպեսզի պառակտեն նաև Սփյուռքը, սփյուռքահայությանը հնարավորինս օտարեցնեն Հայրենիքից, վանեն, Սփյուռքում հարուցեն խոր անվստահություն՝ Հայաստանի իշխանական ու հասարակական շրջանակների նկատմամբ:

Կա ևս մեկ հանգամանք. ներհասարակական մթնոլորտը, ու ոչ միայն Սփյուռքում, այլև կամ առավելապես Հայրենիքում: Վերջին 7 տարին Փաշինյանի իշխանությունը եղել ու մնացել է որպես հասարակության շարունակական պառակտման, ներքին թշնամանքի ու ատելության առանցքային գեներատոր:

Գանք Եկեղեցուն: Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին, հակաեկեղեցական դիրքավորում ու վերաբերմունք են ունեցել Մայր Աթոռի ու ՀԱԵ նկատմամբ: Այս օրերին Փաշինյանի և նրա ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ ծավալած վայրագ ու անպատկառ արշավանքը, Եկեղեցու դեմ պատերազմը ասվածի առավել քան ցցուն հիմնավորում ու վկայություն են:

Է՛լ ավելին. թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մերձավոր քաղթիմակիցները ոչ մեկ անգամ արել են այնպիսի հայտարարություններ, որոնք եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության բացահայտ ուրացում չեն, ապա առնվազն նման ուրացման վատ քողարկված պատրաստականության ցուցադրություն են: Մի բան, որ նկատել ու արձանագրել են նույնիսկ միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ՝ հայտնի «Լեմկինի ինստիտուտը»: Դեռ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ուրացման, Արարատ սարից ու Արարատի պատկերից դեմոնստրատիվ հրաժարվելու և նմանօրինակ դրսևորումների մասին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, կամ ավելի ճիշտ՝ առկա է այն, որ Հայաստանի իշխանություն համարվողն իրականացնում է բոլոր այն «ծրագրային կետերը», որոնց հետամուտ են մեր պետականության, մեր ազգի ու ժողովրդի թշնամիները՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:

Սա է հիմնականը, որքան էլ որ փաշինյանական քարոզիչները ջանան իրենց սատարած իշխանության դրսևորումներն ինչ-որ օրինակների, առանձին անհատների կամ գործիչների վերագրվող այս կամ այն հանգամանքներով «փաթեթավորել»:

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը վերջին 7 տարվա ընթացքում նախանձելի համառությամբ ու հետևողականությամբ միանգամայն ծրագրված քանդել ու խարխլել է բոլոր այն անկյունաքարերը, այն բոլոր հիմնասյուները, որոնք պահում են Հայոց պետականության վերնաշենքը: Անկյունաքարերից մի քանիսն արդեն ջարդված են, մի քանիսը՝ էապես խարխլված, թերևս միայն Եկեղեցին է, որ իր տեղում է:

Այսինքն՝ գերխնդիրը մեր պետականության բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է: Այսինքն՝ այն, ինչը պետք է թշնամիներին, և ինչին նրանք՝ այդ թշնամիները, ձգտում են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում