Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած լարվածության միտումները Հարավային Կովկասում ուժային դինամիկայի արմատական վերաձևակերպման նշաններն են։ Սրացման այս դրսևորումները չեն կարող դիտարկվել որպես մեկուսացված դրվագներ, այլ պետք է ըմբռնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական ուժերի ընդհարման լայն համատեքստում, որտեղ փոխկապակցվում են շահերի բախումը, ռազմավարական անցուղիների վերահսկողության ձգտումը, ինչպես նաև հավակնությունների շրջանակը։ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը միշտ էլ թաքնված կերպով առկա է եղել՝ պայմանավորված ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ կրոնական և էթնիկ ենթագծերով։ Սակայն վերջին տարիներին այդ լարվածությունն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմավարական համագործակցությունը Իրանում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք՝ հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելի կողմնակի գործողությունները հաճախ իրականացվում են հենց Ադրբեջանի տարածքից։

Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական բախումից հետո Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն հարթակ է տրամադրում Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար, ոչ միայն պատահական չէր, այլև բովանդակային ազդակ էր, որը ցույց է տալիս Թեհրանի լուրջ մտահոգությունը և պատրաստակամությունն՝ առնվազն դիվանագիտական հարթակում հստակ դիրքորոշում հայտնելու։ Այս ամենը ենթադրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են անվստահության նոր փուլ, որը ժամանակ առ ժամանակ կարող է սուր դրսևորումներ ունենալ։

Մյուս կողմից էլ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության դրսևորումներն առավել անսպասելի էին՝ հաշվի առնելով, որ նախկինում կողմերը փորձել են պահպանել գոնե արտաքին հավասարակշռություն՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության մակարդակով։ Սակայն, երբ ռուսական իրավապահները Եկատերինբուրգում բացահայտեցին ադրբեջանական հանցավոր խմբավորման գործունեությունը ու դրա հետ կապված գործողություններ ձեռնարկեցին, դրանից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան սկսել է այլ ոճով խոսել Բաքվի հետ։ Նման իրադարձությունները շրջադարձային են երկու երկրների հարաբերություններում, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել։

Բայց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևեց ադրբեջանական հակազդեցությունը. մասնավորապես «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ իրականացված գործողությունները, ռուսական «հանցավոր խմբավորման» բացահայտումը, ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը և տեղեկատվական հակաքարոզչությունը վկայում են փոխադարձ լրջագույն անվստահության և վրեժխնդրության փուլ մուտք գործելու մասին։

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե համարժեք ձևով պատասխանում է Մոսկվային՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական քաշերն ուղղակի անհամատեղելի են։ Իսկ ի՞նչն է այդպես թևեր տալիս Ադրբեջանին իրեն այդպես սանձարձակ պահել՝ հասկանալով, որ իրենք որևէ կերպ չեն կարող մրցել Ռուսաստանի հետ։ Բաքվի ռազմավարությունը հստակ է՝ ձգտել իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային առանցքային խաղացող, որի հետ պետք է հաշվի նստել, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ է ոգևորվել իր նախկին հաջողություններից ու իրեն «մեծ տերություն» է երևակայում։

Ադրբեջանի նախագահ Ալիևին թվում է, որ եթե իրեն հաջողվեց անպատիժ պատերազմական հանցագործություններ կատարել Արցախում, ստիպել, որ ռուս խաղաղապահները դուրս գան, ներխուժել Հայաստանի տարածք ու պարտադրել, որ հայկական կողմը զիջումների դիմի, ապա նույն կերպ կարող է վարվել նաև Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրն ավելի շատ զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով ու ընդունակ չի լինի հակազդել։

Երկար ժամանակ Մոսկվայում հանդուրժում էին Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ու զերծ էին մնում կտրուկ գործողություններ ձեռնարկելուց։ Ու այս համատեքստում գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց, որ սկսեցին կտրուկ արձագանքել։ Հարցի հիմնական պատասխանն այն է, որ Բաքուն տարածաշրջանում ամուր հող է ստեղծում իր մեծ եղբոր՝ Թուրքիայի համար։ Պատահական չէ, որ թուրքական կողմից խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իսկ արևմտյան մամուլում էլ տեղեկություններ են տարածվում, որ ճանապարհը կարող են վերահսկել արևմտյան ընկերությունները։ Պարզ է, որ այս նախագիծն իր սուր ծայրով ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազմանը։

Մի կողմից՝ հասկանալի է, որ Միջին միջանցքի նախագծի ներքո Թուրքիան փորձելու է իր ազդեցությունը տարածել մինչև դեպի Կասպից ծով և Միջին Ասիա՝ նեոպանթուրքական նկրտումների համատեքստում, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն իսկ հիմա ձգտում է գրավել Արևմուտքին և այլ միջազգային խաղացողներին՝ հատկապես չինական կողմին, որ այդ ճանապարհը շրջանցի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքը, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո։ Դրա համար էլ Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարություններում նշվում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է բոլոր կողմերին։ Բայց բնական է, որ Ռուսաստանում նման նախագծի գործարկումից գոհ լինել չեն կարող, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից ու Հայաստանում թուրքական կապիտալի ներթափանցումից հետո իրենց ազդեցությունը կարող է փոխարինվել թուրքական ազդեցությամբ։

Եվ այդ պայմաններում ուղղակի ժամանակի հարց կարող է դառնալ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու և Հայաստանը Ռուսաստանից պոկելու օրակարգի առաջ մղումը։ Ընդ որում, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կորստի շատ ավելի մեծ վտանգ կա հատկապես այն դեպքում, երբ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի ու ամրագրվի «արևմտյան» ադրբեջանցիների «վերադարձի» իրավունքը։ Այս հարցում արդեն գործ ունենք Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխության վտանգի հետ։ Իսկ եթե ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանում, ապա թուրք-ադրբեջանական ազդեցությունը կդառնա անդառնալի՝ մեկընդմիշտ դուրս մղելով Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը հետագայում խնդիրներ է ունենալու արդեն Միջին Ասիայում և իր բուն տարածքում՝ Հյուսիսային Կովկասում։ Իսկ Հայաստանն ու Արցախը տևական ժամանակ խոչընդոտող սեպի դեր էին կատարում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Մոսկվայի համար մյուս վտանգն այն է, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ական բազան կարող է հաստատվել Ադրբեջանում։ Այս մասին Բաքվում արդեն իսկ խոսում են նախկին պաշտոնյաների ու վերլուծաբանների մակարդակով ու շոշափում են Ռուսաստանի տրամադրություններն այս կապակցությամբ։ Ըստ այդմ, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա բացելու գաղափարն առաջ քաշելու հետ մեկտեղ հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանն ուղղակի ստիպված է լինելու հաշտվել նոր իրականության հետ։ Դրանով հասկացնում են, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է կանգնած և հարկ եղած դեպքում կպաշտպանի։

Բնական է, որ Արևմուտքից դեմ չեն լինի Թուրքիայի ընդլայնմանը Ռուսաստանի հաշվին, իսկ արևմտյան բլոկում տիրող այդպիսի տրամադրությունից փորձում է օգտվել Անկարան։ Ուստի, Բաքվում և Անկարայում, որսալով պատեհ իրավիճակը, ավելի մեծ ջանքեր են գործադրվում համաթուրքական ռազմական ուժերի գաղափարին միս ու արյուն տալու համար։ Ու այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ստացվում է, որ իրենց վերջին գործողություններով Մոսկվայից սկսել են զգուշացնել Ադրբեջանին, որ ռուսական կողմը կարող է նույնիսկ կոշտ քայլերի դիմել։ Բայց նկատի ունենանք, որ այդ քայլերն ինչ-որ առումով ուշացած են, քանի որ տարածաշրջանում նոր ձևավորված իրավիճակը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի է, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի դիրքերը թուլացած են։ Չնայած ռուսական կողմը իրավիճակը շրջելու տարբերակ ունի, եթե գործուն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ճնշումների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում