Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին յուրօրինակ «վիճպետկոմի» դերում է: Մեկ էլ կտեսնեք՝ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնեց հանրությանը, թե՝ իմացած լինեք, որ այսինչ օրերին Ռուսաստան է մտել ծիրան փոխադրող այսքան բեռնատար, մի այսքանն էլ ճանապարհին են, կամ ՝ Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված այսքան մեքենա և այլն...

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Մեզ հիշեցնում է այն, ինչը անմոռանալի է, թերևս: Մասնավորապես հիշեցնում է ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած 1990-ականների սկզբի ծանր օրերն ու տարիները: Այն ժամանակ էլ լրատվամիջոցների հիմնական «առաջինէջային» լուրերն էին, թե՝ «Հայաստան է մտել ցորենով բեռնված այսքան վագոն...», «Երևան է հասել մազութով բեռնված այսքան ցիստեռն...», «Հայաստանի սահմանը հատել է ալ յուր տեղափոխող այսքան բեռնատար...», ու նման բաներ:

Հա, բայց դա, կրկնենք, ԽՍՀՄ փլուզմանն անմիջականորեն հաջորդած շրջանն էր. տասնամյակներով ձևավորված կոմունիկացիաների խաթարում ու խզում, պատերազմ, նոր ձևավորվող պետություն՝ նոր կապերով, նոր լոգիստիկայով: Եվ այն ժամանակների համար, հնարավոր է, նման տեղեկատվության հրատապությունն օբյեկտիվորեն օրինաչափ էր: Ավելին, որքան էլ ծանր, բայց իրավիճակն էլ էր օրինաչափ:

Ի վերջո, ժամանակի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալուց հետո աստիճանաբար սկսեցին կարգավորվել նաև լոգիստիկ հարցերը: Աստիճանաբար ձևավորվեցին բեռնափոխադրումային նոր հանգույցներ, ուղիներ, տարբերակներ: Հայաստանն սկսեց բեռնափոխադրումներ իրականացնել Վրաստանով՝ երկաթուղային, լաստանավային, ավտոմոբիլային տարբերակներով: Զուգահեռաբար, բեռնափոխադրումների որոշակի պայմաններ ու հոսք ապահովվեց Իրանով: Ու դա, ի դեպ, հենց այնպես կամ ինքնաբերաբար չկատարվեց: Այդ ամենը հնարավոր եղավ իրարահաջորդ կառավարությունների, դրանց ղեկավարների, ոլորտային նախարարների ու նախարարությունների հետևողական, շարունակական աշխատանքների շնորհիվ:

Ու կարևոր է ընդգծել, որ այդ ամենը տեղի ունեցավ ու իրականացվեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից չդադարող թշնամական վերաբերմունքի, Հայաստանի շրջափակման ու դրան նպատակաուղղված հակաքայլերի պայմաններում:

Փաստը մնում է փաստ՝ 20-25 տարի շարունակ ներկայի նման գլոբալ փոխադրումային խնդիրներ չեն եղել ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ կապված: Իհարկե, դրվագային ինչ-ինչ հարցեր ծագել են, լոկալ, փոքր, բայց արագորեն կարգավորվել են՝ «աշխատանքային, օպերատիվ ռեժիմում»:

Ու մեկ էլ՝ հո՛պ. երեկ գազ փոխադրող այսքան ավտո եկավ, այսօր ծիրան ու դամբուլ տանող այսքան ավտո գնաց, այն մյուս օրն էլ՝ կոնյակ տեղափոխող այսքան «գռուզավիկ»...

Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ մի ամբողջ կառավարության էկոնոմիկայի նախարարի հիմնական անելիքը դարձել է անցնողդարձող բեռնատարները հաշվելն ու դրա մասին հանրությանն «ավետելը», չնայած դա էլ է հարց: Բուն խնդիրն այն է, թե ինչու ենք հասել այս վիճակին, ինչու են Հայաստանի տնտեսվարողներն ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, անհատները բախվել ու բախվում նման «արգելափակոցային» վիճակների ու պրոբլեմների:

Կարճ ասած՝ խնդիրն այն է, թե ինչու են այդ պրոբլեմները ծագել, ինչի հետևանքով են ծագել, ինչ առանցքային քայլեր են արվում, որպեսզի դրանք չլինեն կամ առնվազն լուծվեն արագ, «աշխատանքային ռեժիմով», ընդ որում՝ գլոբալ առումով, ոչ թե հատվածական լուծումներով: Թե չէ՝ բեռնատարները վիճակագիրներն էլ կարող են հաշվել:

Իսկ երբեևէ մտքներովդ չի անցե՞լ՝ գուցե բեռնափոխադրումների հետ կապված այդ խնդիրների ծագման «աղբյուրը» Փաշինյանի իշխանության որդեգրած աշխարհաքաղաքական «գլուխկոնծիներն» են ու կուլբիտնե՞րը: Մեկ, իբր, Եվրամիություն են գնում, մեկ, իբր ԵԱՏՄ-ից են կառչած: Մինչև կեսօր «արևմտամետ» են, հետմիջօրեին՝ «սթափ մոտեցմամբ», բայց հանրագումարում՝ «դեպի Թուրքիա», դեպի թուրքական ենթակայություն...

Այդ ամենի, նման վիճակի ու կրկնվող «ֆորսմաժորների» մեկ այլ պատճառ էլ այս կառավարության ու նրա ներկայացուցիչների ապաշնորհությունն է՝ սկսյալ սննդի անվտանգության տեսչության, էկոնոմիկայի նախարարության խայտառակ աշխատանքից մինչև արտաքին քաղաքականության ամլություն: Անգամ բարեկամական Վրաստանի, Իրանի հետ հասարակ հարցերը չեն կարողանում կարգավորել: Էլ ի՞նչ պահանջես այս մարդկանցից:

Սա՛ է հարցը: Իսկ բուն հարցն այն է, որ նման՝ աշխարհաքաղաքական «խաղեր տվող», իր անմիջական պարտականությունները թողած՝ փիարվելով զբաղվող իշխանությունն ու կառավարությունը ոնց որ չափից դուրս թանկ են արժենում բոլոր հարկատուների, ներառյալ՝ զանազան տնտեսվարողների, բեռնափոխադրողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների ու մնացած բոլորի գրպանին ու կյանքին:

Մի օր՝ ծաղկաբույծները, դրանից առաջ՝ կոնյակագործները, երրորդ օրը՝ գազ ներմուծողները: Միրգ աճեցնողներն ու արտահանողները «քաշվում» են անընդհատ: Վաղն էլ բենզին, ալ յուր, ցորեն ներկրողներն են նման վիճակների մեջ հայտնվելու:

Ու անխուսափելիորեն տրամաբանական հարց է ծագում. լավ, իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը, որը պրոբլեմներից ու գլխացավանքներից զատ, այլ բան չի կարողանում ստեղծել: Հա, մեկ էլ ազգային կառույցները թիրախավորելով՝ հանրությանն ու երկիրը պահում է շարունակական լարվածության և հոգեբանական տեռորի ճիրաններում:

Ու այդ ամենը... մեր վճարած հարկերի հաշվին: Արժե խորհել նաև սրա մասին, մանավանդ, երբ բարձված բեռնատարով լռվել եք ինչ-որ տեղ՝ Հայաստանից Ռուսաստան կամ հակառակ ճանապարհին, կամ պարզապես երևանյան խցանման ճիրաններում «սպասման մեջ» եք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում