Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կան որոշակի օրինաչափություններ, որոնք անընդհատ դրսևորվում են մեր պատմության ընթացքում։ Դրանց թվում է այն, որ անընդհատ հայությունը հույսեր է կապում, թե դրսից ինչ-որ մի բարի թագավոր կամ երկիր պետք է գա ու մեզ այս ծանր վիճակից հանի։ Այսպիսի իրողությունը բնորոշելու համար կարելի է հստակ դիտարկել պատմական օրինակներով։ Օրինակ՝ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանի վերջին հատվածում, երբ թագավորության գլխավերևում ամպեր էին կուտակվում, այնպիսի մտայնություն էր ձևավորվել, որ հարկավոր է Եվրոպայից խնդրել, որ քրիստոնյա թագավորները կամ Հռոմի պապը Կիլիկիայի փրկության համար խաչակրաց արշավանքներ նախաձեռնեն։
Հենց այդ շրջանակներում է, որ անընդհատ պատվիրակություններ էին ժամանում Եվրոպա օգնության և միջամտության խնդրանքներով։ Բայց որևէ արշավանք էլ չնախաձեռնվեց, փոխարենը Կիլիկիայի ներսում պառակտում առաջացավ ունիթորականների և հակաունիթորականների միջև։ Մյուս կողմից էլ՝ արագացավ հայկական թագավորության անկման գործընթացը, քանի որ եվրոպական միջամտություն խնդրելու փորձերի արդյունքում մամլուքների կողմից կառավարվող Եգիպտոսն ավելի ու ավելի էր գրգռվում։
Նույնատիպ իրավիճակի կարող ենք հանդիպել նաև որոշ ժամանակ անց, երբ հայությունն արդեն հեծում էր պարսկական ու թուրքական լծի տակ, ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու փնտրտուքներ էին սկսվել։ Դրա շրջանակներում տարբեր նախաձեռնություններ եղան, որ եվրոպական տերությունները, այդ թվում ու մասնավորապես Ռուսաստանը, պետք է գան ու մեզ փրկեն։ Հենց այդ տրամաբանության ներքո էր Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեությունը։
Իսկ ավելի ուշ՝ արդեն Հայոց ցեղասպանության ժամանակ, դարձյալ այնպիսի մտայնություն կար, որ, ի վերջո, մեծ տերությունները կմիջամտեն ու թույլ չեն տա, որ հայ ժողովուրդը բնաջնջվի։ Բայց արդյունքում տեսանք, որ ոչ մի միջամտություն էլ տեղի չունեցավ։ Ավելին, կայսերական Գերմանիան նույնիսկ խրախուսական դեր էր ստանձնել հայերի կոտորածների կազմակերպման հարցում։ Արդյունքում հայ ժողովուրդը մնաց միայնակ թուրքական յաթաղանին դեմ հանդիման։
Բայց զարմանալին այն է, որ բազմաթիվ փաստեր մեր աչքի առաջ ունենալով՝ պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում։ Գերմանացի փիլիսոփա Հեգելի այն խոսքը, թե «պատմությունից սովորում ենք, որ պատմությունից ոչինչ չենք սովորում», տվյալ դեպքում հենց մեզ է բնորոշում։ Ու մինչև հիմա էլ հանրության մեջ ընդունված այնպիսի պատկերացում կա, թե միջազգային հանրությունը, եվրոպական տերությունները, Ռուսաստանը կամ քաղաքակիրթ աշխարհը մեզ «դավաճանեց», հերթական անգամ նրանք դավադիր կերպով վարվեցին մեզ հետ։ Այսպիսի պատկեր է նաև Արցախի հարցով։ Երբ Արցախը շրջափակման մեջ էր ու ծանր վիճակում էր, շատերը մտածում էին, թե միջազգային հանրությունը, Հաագայի դատարանը, միջազգային կառույցները, մարդու իրավունքների ջատագով Եվրոպան կամ ռուս խաղաղապահները կմիջամտեն, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Բայց հերթական անգամ համոզվեցինք, որ Եվրոպան, միջազգային կառույցները և մյուս արտաքին դերակատարները, բացի կոչերից ու դատարկ դատապարտող հայտարարություններից, ոչինչ չարեցին՝ այդպիսով կանաչ լույս վառելով Ադրբեջանի առաջ։
Իսկ Ադրբեջանը ռազմական հանցագործությունների արդյունքում հայաթափեց Արցախը։ Ու հերթական անգամ հայ ժողովուրդը մնաց միայնակ։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է ամեն անգամ այսպիսի իրավիճակը կրկնվում։ Խնդիրն այն է, որ մենք հույսներս մեզ վրա չենք դնում, չենք զարգացնում ու հզորացնում մեր պետությունը, որպեսզի տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցություն ունեցող երկրները և կառույցները մեզ հետ հաշվի նստեն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն, իսկ հայ ժողովրդի ձայնը լսելի լինի։ Չէ՞ որ ակնհայտ է՝ երկրներն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե համամարդկային արժեքներով։
Իրականում այնպիսի մտածելակերպ պետք է ձևավորել, որ հայությունն ինքը պետք է կերտի իր ապագան, հետո միայն հաշվի առնել արտաքին դերակատարներին ու նրանց քայլերը։ Նախ՝ պետք է քեզանից ուժ ներկայացնես, որ արտաքին ուժերը քեզ հետ հաշվի նստեն։ Իսկ երբ որ արդեն քեզանից ուժ ես ներկայացնում, դաշնակցային հարաբերությունների արդյունքում կարելի է շատ ավելի հեռուն գնալ, քան կարելի էր անել միայնակ։ Մեր ամենամոտ դաշնակիցն ու բարեկամը այս պահին Ռուսաստանն է, որի հետ համագործակցությունը խթանելու հետ մեկտեղ պետք է աշխատել նաև մյուս ազդեցիկ դերակատարների հետ, այդ թվում՝ նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի։
Բայց պատմության դասերը նաև վկայում են, որ պետք է ամեն կերպ խուսափել աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների բախման դաշտ մտնելուց, ինչպիսին այսօր հավաքական Արևմուտք - Ռուսաստան առճակատումն է։ Բախման մրցադաշտ դարձած երկրները միշտ ամենից շատն են տուժում։
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան