Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Քաղաքականություն

Ի՞նչ է լինում, երբ գերակշռում են ոչ թե համալիր ու երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր գործոնները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում բազմաշերտ է դարձել, և դրա վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական գործոններ, ինչը Հայաստանի համար ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լրջագույն կախվածության ռիսկեր։

Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ից կախված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ արտահանման հիմնական ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա, որտեղ հայկական ապրանքները՝ գյուղատնտեսական մթերքներից ու պահածոներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հանքանյութեր և քիմիական արտադրանք, հարաբերականորեն մրցունակ են, քանի որ ԵԱՏՄ հարթակը թույլ է տալիս ազատ ու առանց մաքսային լրացուցիչ բարդությունների արտահանել։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տվել է շուկայի կայունություն, կանխատեսելիություն և ֆինանսական որոշակի արտոնություններ, որոնք այլ ուղղություններում առկա չեն։

Այս պայմաններում ռուսական շուկան դարձել է հայկական արտադրության հիմնական սպառման ուղին, հատկապես այն պարագայում, երբ շատ այլ երկրներում հայկական ապրանքները կա՛մ չեն ընդունվում օրենսդրական, սերտիֆիկացիոն ու մաքսային խոչընդոտների պատճառով, կա՛մ չեն կարող մրցակցել գնի և որակի առումով։

Որպես տնտեսության արտաքին կախվածության ցուցիչ՝ պետք է նշել նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Հայաստանը հիմնականում սպառում է ռուսական գազ ու նավթամթերք։ Ռուսական էժան գազի սպառումը, ատոմակայանի շահագործման ռուսական մասնակցությունը, էներգետիկ համակարգի ներդաշնակեցումը ռուսական էներգետիկ ցանցերի հետ Հայաստանը դարձնում են զգայուն ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության նկատմամբ։ Բացի դրանից, վերջին տարիներին ռուսական կապիտալի ներհոսքը նկատելի է եղել բանկային, հեռահաղորդակցության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ինչը խորացնում է տնտեսական փոխկապակցվածությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2022- 2024 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էական դեր է սկսել խաղալ վերաարտահանման գործոնը։ Ռուս-ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ու համաշխարհային շուկաների վերադասավորման ֆոնին Հայաստանը ռուսական շուկայի համար դարձել է կարևոր հանգույց՝ տարատեսակ ապրանքների մատակարարման, ինչպես նաև ռուսական կապիտալի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեղաշարժի համար։ Թեև այս իրավիճակը նպաստել է Հայաստանի տնտեսության կարճաժամկետ աճին, իրականում խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է վերաարտահանումը ռուսական շուկա կամ հակառակ ուղղությամբ, և դրա անկայունությունը կարող է արագ վերածվել տնտեսական ցնցումների։

Ու հետաքրքիրն այն է, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Իհարկե, դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը չի էլ քննարկվում: Բայց այստեղ կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ չնայած վերը նշվածին, պետք է փաստել, որ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դեռևս շատ սահմանափակ է ինչպես ծավալների առումով, այնպես էլ ապրանքատեսակների ու ոլորտների ընդգրկմամբ։ Առանձին ապրանքների փորձարարական արտահանումները, որպես կանոն, կենսունակ չեն լինում մրցունակության, արտադրության ծավալների ու լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Արևմտյան շուկաների դեպքում հիմնական խոչընդոտները կապված են որակի ստանդարտների, սերտիֆիկացիոն պահանջների և շուկայի փակ լինելու հետ, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ հայկական արտադրողների համար։

Մյուս կողմից՝ խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը հաճախ ձևավորվում են ոչ միայն շուկայական տրամաբանությամբ, այլ նաև քաղաքական գործոնների ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի ու այլ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների ակտիվացման փորձերը Մոսկվայում հաճախ ընկալվում են ռուսական ազդեցության թուլացման քաղաքականության շրջանակներում, ինչի համար լրջագույն հիմքեր, իհարկե, կան։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսական հիմնական շարժիչ ուժը հենց ռուսական շուկան է, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսական համագործակցության, արտահանման ծավալների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է Ռուսաստան արտահանման ծավալների նվազում, ինչը մասնագետները կապում են ոչ միայն շուկայական գործոնների, այլև քաղաքական հանգամանքների ու անորոշության հետ։ Փորձագետները նկատում են, որ, օրինակ՝ ՌԴում հայաստանյան բեռնատարների՝ մասնավորապես «Սպայկայի» տասնյակ ու հարյուրավոր մեքենաների կանգնեցումը սահմանին ուղիղ մեսիջ է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար։ Այս իրավիճակը կարող է խորանալ, եթե երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը չբարձրացվի ու տնտեսական շահերը չդառնան առաջնային՝ քաղաքական հաշվարկների փոխարեն։ Այս ֆոնին ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է կիսով չափ նվազել՝ 12,4 միլիարդ դոլարից հասնելով մոտ վեց միլիարդի։

Հատուկ ուշադրության է արժանի էներգետիկ ոլորտի խոցելիությունը։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու գների կայունությունը խիստ կախված են Ռուսաստանից մատակարարվող գազի, վառելիքի, հումքի և տեխնիկական սպասարկման ծավալներից։ Եթե այս ոլորտում ի հայտ գան քաղաքական կամ տնտեսական խոչընդոտներ՝ գների բարձրացում, մատակարարումների սահմանափակում, տեխնիկական սպասարկման դժվարացումներ, դա կարող է լրջագույն հարված հասցնել ոչ միայն արտադրության կազմակերպմանն ու տնտեսական մրցունակությանը, այլև սոցիալական ոլորտին և բնակչության բարեկեցության մակարդակին։

Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ ռուսական շուկայի բացակայության կամ էական նվազեցման դեպքում Հայաստանը չունի որևէ այլ համարժեք շուկա, որը կարող է լրացնել այդ բացը։ Եվրոպական, ամերիկյան, չինական, իրանական կամ արաբական շուկաները, թեկուզև հաջող համագործակցության դեպքում, չեն կարող կարճաժամկետ հեռանկարում ապահովել այն ծավալները, որին Հայաստանը սովոր է Ռուսաստանի հետ աշխատելիս։ Բացի դրանից, նոր շուկաների յուրացումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, արտադրության վերապրոֆիլավորում, որակի ստանդարտների ու լոգիստիկ մեխանիզմների կատարելագործում, ինչը ներկայիս տնտեսական և քաղաքական ռիսկերով հագեցած միջավայրում դժվար իրականացվող խնդիր է։

Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը կամ էական վատթարացումը կարող է ունենալ լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ արտահանման կրճատում, արտադրության ծավալների անկում, աշխատատեղերի կորստի ռիսկ, պետական բյուջեի եկամուտների նվազում, արժութային ճնշումներ և ամբողջ տնտեսական համակարգի անկայունություն։

Մյուս կողմից էլ՝ շուկայում Հայաստանը կարող է ընկալվել որպես անկայուն գործընկեր, որը չի կարողանում ապահովել անխափան մատակարարումները։ Սակայն տնտեսական այս կոնյուկտուրայի պայմաններում պետք է նշել, որ ռուսական շուկայի հետ համագործակցությունը երբեք չի խանգարել կամ արգելափակել Հայաստանի համար նոր շուկաների որոնման և դիվերսիֆիկացման հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականության ու տնտեսական ռազմավարության մեջ հաճախ գերակշռում են ոչ թե համալիր և երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր «շահերը», որոնք արտացոլվում են նաև տնտեսական քաղաքականության մեջ։

Հայաստանի համար ամենաարդյունավետ ուղին այն է, որ ՌԴ-ի հետ ռազմավարական տնտեսական կապերը պահպանվեն ու զարգացվեն զուգահեռաբար այլ շուկաների հետ համագործակցության ընդլայնման հետ, և այլ դերակատարների հետ հարաբերությունները չկառուցվեն հակառուսական ու Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հիմքի վրա։ Հակառակ դեպքում, Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ավանդական շուկան ու տնտեսական աճի շարժիչ ուժը, այլև երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի խոցելի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ճնշումների նկատմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում