Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթում հայերի դեմ իրականացված
ջարդերի զոհերի հիշատակը։ 38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։
Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին:
Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և Արցախի օկուպացված այլ տարածքներում՝ Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։
Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 650 հազար էթնիկ հայ:
Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել արդեն շուրջ 2,5 տարի հայաթափված Արցախի հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:
Երեսունութ տարվա ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը (դրա վառ ապացույցը՝ Բաքվում ընթացող «դատավարությունը»)։ Անփոփոխ են մնացել Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:
Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ...