Փաշինյանն առաջարկել է բելառուս գործարարներին ներկայացնել Հայաստանում բիզնեսի հնարավորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական լավ հարաբերություններ, և պետք է համատեղ աշխատել դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ակտիվ երկխոսությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների և կառույցների շրջանակում: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ողջունել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը, որը լավ առիթ է՝ նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:
Նիկոլ Փաշինյանը և Իգոր Նազարուկը կարևորել են երկկողմ բարձրաստիճան շփումների ակտիվացումը և քննարկել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Վարչապետն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին և առաջարկել բելառուսական բիզնես շրջանակներին ներկայացնել մեր երկրում ազատ տնտեսական գործունեության համար ստեղծված լայն հնարավորությունները: Դեսպան Նազարուկը վստահեցրել է, որ կփոխանցի այս ուղերձը և նշել, որ բելառուսական կողմի համար հետաքրքրական է քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ ծավալել տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության ապահովման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարևորել է ԼՂՀ կարգավորման հարցում Բելառուսի կողմից հավասարակշռված մոտեցման պահպանումը:





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան