Զարթոնքում մոտ 100 աշակերտ արդեն երկու շաբաթ դասի չի գնում
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր՝ մայիսի 2-ին հանդիպում են ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների հետ, պայմանավորվել են, որ վաղվանից երեխաները կհաճախեն դպրոց: Նշենք, որ արդեն 2 շաբաթից ավելի է՝ դպրոցի շուրջ 100 աշակերտ դասի չի գնում: Նրանք իրենց ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների մեջ:
«15 օր է՝ դպրոց չեն գնում մեր երեխեքը: Մոտավորապես կլինի 100 աշակերտ: Մենք ցավում ենք, որ հետ են ընկնում դասերից, բայց այլ տարբերակ չկա, տնօրենը պետք է դուրս գա այդ պաշտոնից: Այսօր եղավ հանդիպում Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Նրանք մեզ հորդորեցին վաղվանից երեխաներին ուղարկել դպրոց, քանի որ իրենց քննություններին մնացել է 20 օր, և եթե չհանձնեն քննությունները, ապա կմնան նույն դասարանում: Մենք մտափոխվեցինք, և վաղվանից կուղարկենք դպրոց: Կա պայմանավորվածություն, որ վաղվանից կանցկացվեն ստուգումներ: Կլինեն դասալսումներ, որին կարող են մասնակցել նաև ծնողները»,- ասաց Մանուշակ Հայրապետյանը:
NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանն ասաց, որ բացակա աշակերտների ծնողներին ուղարկվել են ծանուցումներ: Աշակերտների դասղեկները ամեն դասապրոցեսից առաջ զանգահարում են բացակա աշակերտների ծնողներին, հորդորում վերադառնալ դասի:
«Երեկվա դրությամբ ունենք 73 բացակա աշակերտ: Երեխաներին տրամադրում են մեր դեմ: Իրենց ուզածին հասնելու համար երեխային զենք են դարձրել: 120 դասաժամից բացակայելու դեպքում՝ աշակերտը հեռացվում է դպրոցից: Ես ծանուցում եմ ուղարկել այդ աշակերտներին, որ հեռացման տակ են: Սակայն որևէ արձագանք չկա»,- ասաց դպրոցի տնօրենը:
Տնօրենն ասաց, որ մեկ աշակերտն անգամ իրենց համար շատ մեծ նշանակություն ունի, բայց եթե ցանկություն կա այլ դպրոց տեղափոխելու, ինքը միջամտելու իմաստ չի գտնում: Նա նշեց, որ Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները դեռ շարունակում են դպրոցում ստուգումներ անցկացնել, առայժմ որևէ եզրահանգում չկա:
Համայնքի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Էմիլ Եղիազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 5 օրվա պաշտոնավարման ընթացքում հասցրել է մի քանի անգամ հանդիպել երկու կողմերի հետ, և փորձել է խաղաղ լուծման տանել խնդիրը:
«Այս ծառացած խնդիրը մեկ օրվա լուծելու չի: Պետք է անընդհատ աշխատանքներ տարվեն երկու կողմերի հետ: Պետք է նրանցից մեկը զիջումների գնա: Վերջիվերջո տուժում է մեր երեխաների կրթական հարցը»,- ասաց գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի դպրոցի տնօրեն եւ նախկին գյուղապետի դուստր Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև բախումներ էին եղել, իսկ ապրիլի 13-ի առավոտյան տնօրենի որդին՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան գյուղապետը հրաժարական էր տվել: Նշենք, որ արդեն 5 օր է՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից Զարթոնքի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 67-ամյա Էմիլ Եղիազարյանը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...