Իրավիճակը զարգանում է այլ սցենարով. ի՞նչ ակնկալել Արևմուտքից․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
iz.ru-ն «Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական տարածք դեռևս 2022 թվականին, ուստի ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը Բաքվի զինված գործողությունները չեն դիտարկել որպես հարձակում Հայաստանի վրա։
Իսկ ընդհանրապես, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն վատթարացել են: Չնայած Երևանն ընդգծել է կազմակերպությունից դուրս գալու ծրագրի բացակայությունը, բայց, միևնույն ժամանակ, սկսել է ակտիվորեն խոսել իր անվտանգության դիվերսիֆիկացման մասին։ Այդ հարցում Հայաստանի նոր գործընկերներ պետք է դառնան ԵՄ երկրները և ԱՄՆ-ը։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ փորձագետներ ակնկալում էին հայկական ուղղությամբ ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։ Մասնավորապես, Գերմանիան չի թաքցնում, որ Բեռլինը մտադիր չէ լրջորեն մեծացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ։
Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն iz.ru-ի հետ զրույցում ասել է, որ Գերմանիայի խորհրդարանը չի դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը։ «Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին: Համենայն դեպս, դա պաշտպանության հանձնաժողովի օրակարգում չկա»,- ասել է Յան Նոլտեն։
Ինչ վերաբերում է ընդհանրապես ԵՄ-ին, ապա այնտեղ դեռ քննարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: «Սակայն կոնկրետ որոշումներ չկան,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն,- ԵՄ-ն նաև չի նախատեսում իր տարածքում հայ զինվորականների վերապատրաստում, նույնը վերաբերում է նաև համատեղ զորավարժությունների հեռանկարներին։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»։
ԵՄ միակ երկիրը, որը «վերցրել» է հայկական ուղղությունը, Ֆրանսիան է։ Բայց Փարիզն ի վիճակի չէ միայնակ առաջ տանել իր քաղաքականությունը ԵՄ-ի մակարդակով: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք շահագրգռված են Բրյուսելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պահպանմամբ։ «ԵՄ-ում կան «Ադրբեջանի բարեկամներ», որոնք արգելափակում են Ֆրանսիայի նախաձեռնությունները։ Դրանք հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են՝ Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, ինչպես նաև Իտալիան և Հունաստանը։ Նրանք Ֆրանսիային թույլ չեն տալիս Ադրբեջանի դեմ օգտագործել ԵՄ-ի ողջ զինանոցը։ Դրանք այն երկրներն են, որոնք գազ են գնում Ադրբեջանից»,- iz.ru-ին ասել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Միևնույն ժամանակ, Բաքուն, նրա խոսքով, պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում։
Այնուամենայնիվ, Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին, ինչն առաջ երբեք չէր եղել: Բաքուն կտրուկ դատապարտել է Փարիզի այդ գործողությունները։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին փոխանցած ֆրանսիական սպառազինությունը անվանել է «անպիտան»։ Միևնույն ժամանակ, Մոսկվան համեմատաբար հանգիստ է վերաբերվել եվրոպական երկրների հետ ռազմաքաղաքական կապեր հաստատելու Հայաստանի փորձերին։ «Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- iz.ru-ին ասել է մի բարձրաստիճան աղբյուր։
«Փաշինյանն անցել է բազմավեկտոր կուրսի և փորձում է մի շարք խնդիրներ լուծել՝ հույսը դնելով Արևմուտքի օգնության վրա։ Ֆրանսիան այստեղ առաջատար խաղացողներից մեկն է՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի էթնիկ հայերի համայնքը բավականին մեծ է՝ մոտ 400 հազար»,- iz.ru-ին ասել է Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը կարող է վնասել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին։ Բաքուն դարձել է ԵՄ էներգառեսուրսների կարևոր մատակարար այն բանից հետո, երբ Բրյուսելը Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների կտրուկ կրճատման ուղղություն սահմանեց: «Մենք էներգիա մատակարարողների հետ նոր լարվածության տեղ չունենք, եթե, իհարկե, Էմանուել Մակրոնը չի ցանկանում սոցիալական հեղափոխություն հրահրել, - iz.ruին ասել է նա,- հաշվի առնելով Եվրոպայում մոլեգնող տնտեսական լարվածությունը և գնաճը՝ միանգամայն բնական է վախենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից»:
Մեկ այլ արևմտյան երկիր, որը կարող է ակտիվացնել իր գործողությունները Անդրկովկասում, իհարկե, ԱՄՆ-ն է, որը կարող է փորձել ՆԱՏՕ-ին մղել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ը ևս, ինչպես Գերմանիան, այժմ զբաղված է այլ խնդիրներով՝ պատերազմ Գազայում և աջակցություն Իսրայելին, օգնություն Ուկրաինային, նշել է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին։ «Բացի այդ, ԱՄՆ-ը ևս չի ցանկանա փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը հանդիսանում է էներգետիկ շուկայի կարևոր խաղացող: Այդ պատճառով էլ չպետք է հույս դնել Վաշինգտոնի կողմից Հայաստանի ռազմականացման և այդ ոլորտում Երևանի հետ մերձեցման վրա։ Այժմ ԱՄՆ-ն ավելի շուտ փորձում է հանդես գալ որպես հիմնական խաղաղարար, որն ի վիճակի է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին»,ասել է նա «iz.ru»-ի հետ զրույցում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան