Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

«Ողջունումներ», որ անհասկանալի արժեք ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրահոսը հեղեղված է զանազան «ողջունումներով»: Աջուձախից՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Մոսկվայից մինչև Բրյուսել, ողջույն է, որ ողջունում են Հայաստանին ու Ադրբեջանին՝ գերիների փոխանակման, «խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորության ու նմանօրինակ զարգացումների, դրանց հեռանկարների համար: Բոլորն ուրախ են, երջանիկ, տոնածառը՝ դրած, լույսերը՝ փայլփլուն: Կարևորը՝ գայլերը կուշտ են: Դե, իսկ մնացյալն անկարևոր է: Այնուհանդերձ, համակողմանի այդ «ողջունումները» այնպիսին են, որ հիշեցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նմանօրինակ առիթով արած դիտարկումն առ այն, որ հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում:

Տեսեք, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ճառել է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման» կամ իր սիրելի «խաղաղության խաչմերուկի» թեմայով, մասնավորապես խոսել է նաև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման հիմնական սկզբունքների մասին՝ տրանսպորտային ապաշրջափակում, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դելիմիտացիա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի չարչրկված հռչակագրի հիման վրա:

Այստեղ նորություն չկա, քանի որ Փաշինյանն առաջին անգամ չի խոսում թվարկված «սկզբունքների» մասին:

Բայց բոլոր այդ «սկզբունքները» հեքիաթներ են: Դա այն ճռճռան կամ փայլփլուն փաթեթավորումն է, որով փաշինյանական իշխանությունը ներքին լսարանի վրա սաղացնում է Հայաստանի բացարձակ կապիտուլ յացիայի ծրագիրը:

Ի դեպ, դժվար չէ նկատել այն, որ հիշատակված «սկզբունքները» դատարկություն են ու իրենց տակ բացարձակապես ոչ մի երաշխիք չունեն: Դա նույնիսկ հպանցիկ դիտարկումներով է բացահայտվում:

Այսպես. տրանսպորտային կոմունիկացիաների, այսպես կոչված, ապաշրջափակման վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները բացառապես ու միմիայն այն մասին են, թե Հայաստանն ինչպես, ինչ հիմունքներով է իր տարածքով ճանապարհներ, երկաթուղագծեր տրամադրելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ միմյանց հետ անխափան ու անխոչընդոտ, այդ թվում՝ անվերահսկելի ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն իրականացնելու համար: Կարճ ասած, բոլոր խոսակցությունները միմիայն Հայաստանը ադրբեջանաթուրքական միջանցքի վերածելու մասին են: Բացարձակապես որևէ խոսակցություն ու քննարկում, հայտարարություն չկա այն մասին, թե ինչպես է, օրինակ՝ Ադրբեջանը ապահովելու Հայաստանից երկաթուղային շարժակազմերի, ավտոմոբիլային բեռնափոխադրումների շարժը իր տարածքում եղած ճանապարհներով ու երկաթուղագծերով:

Այսինքն, գործնականում քննարկվում, դիտարկվում է միակողմանի տարբերակ՝ ադրբեջանաթուրքական կապը Հայաստանի վրայով: Ի դեպ, նկատենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը, որով ոմանք մի այլ կարգի ոգևորված են, ընդամենը նշանակելու է մեկ բան. Հայաստանի արտադրական, տնտեսական առնվազն թուլացում, եթե չասենք ավելին: Մեկնումեկը կասկածո՞ւմ է, որ պետական հովանավորության վրա նստած թուրքական գյուղմթերքի արտադրությունը հաշված շաբաթների ընթացքում զավթելու է Հայաստանը, որի հետևանքը լինելու է տասնյակ հազարավոր հողագործների, այգեգործների, գյուղմթերքի վերամշակման ոլորտի սննկացումն ու գործազրկումը: Առնվազն:

Ինչ վերաբերում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, ապա սա ևս կեղծ ու երերուն «հիմք» է ի սկզբանե: Եթե այլ ու շատ բան չասենք, բավական է միայն նկատել, որ եթե Ալամա-Աթայի հռչակագիրն այդքան զիլ ու զորեղ հիմք լիներ, ապա նախկին ԽՍՀՄ տարածքում եղած բոլոր հակամարտությունները (աբխազա-վրացական, վրաց-օսական, մերձդնեստրյան, ռուս-ուկրաինական (Դոնբաս, Լուգանսկ, Ղրիմ), չհաշված արդեն միջինասիական հանրապետությունների միջև եղած տարաձայնությունները, կամ գոնե դրանցից թեկուզ մեկը կկարգավորվեր այդ անտեր հռչակագրով: Ավելին, Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի գրեթե երկուսուկես տասնամյակ ներառող ժամանակահատվածում ոչ մի անգամ ոչ մեկը լրջորեն չի էլ փորձել դիտարկել Փաշինյանի կողմից որպես «համաբալասան» ներկայացվող Ալմա-Աթայի մտասևեռում-հռչակագիրը: Դա այնքան անպիտան թուղթ էր, որ նույնիսկ թշնամի Ադրբեջանը փորձ չէր անում «մեջտեղ բերել»:

Այսինքն, այդ հռչակագրի հիման վրա դելիմիտացիա անելը ոչ միայն անհեթեթություն է, այլև հստակորեն Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ուղղված քայլ է: Առավել ևս այն պարագայում, որ ժամանակին Հայաստանն այդ հռչակագրին միացել է շատ կոնկրետ վերապահումներով:

Ծիծաղելի ու խախուտ է նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին թեզը: Մանավանդ, որ այն հիմնված է Փաշինյանի կողմից, օրինակ՝ հանրագիտարանից հանած թվերի վրա: Դա խախուտ թեզ է այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև չի ճանաչում, որ ընդհանրապես նման երկիր կա: Թե թղթի վրա ինչ կստորագրենչեն ստորագրի, երկրորդական է: Հիմնականն այն է, որ Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչպես մի առիթով ասել է՝ ավտոներով Երևան մտնելը:

Սա է լինելու Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը»: Պատրանքներ թող ոչ ոք չունենա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Արևմուտքի, ԱՄՆ-ի ողջունումներին, ապա դրանք իսկապես էլ զավեշտական են հնչում, ավելի շուտ՝ որպես ծաղր: Օրինակ՝ երեկ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Միլլերը ողջունել է... Թուրքիայի դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Եթե որևէ մեկը չի հասկանում, թե ինչ է նշանակում «Թուրքիայի դերակատարում» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, ապա նա սեփական ուղեղի հետ ինչ-որ խնդիրներ ունի կամ ինչ-ինչ անձնական շահախնդրություններից ելնելով՝ ձևացնում է, թե չի հասկանում:

Ավելին, հայ-ադրբեջանական, այսպես ասած, «ուղիղ երկխոսությունը» ամենից առաջ նշանակում է երաշխիքների ու միջազգային երաշխավորների բացակայություն: Իսկ որևէ բան պայմանավորվել մեկի հետ, որի առանցքային ու բազմիցս հռչակված նպատակը քեզ սպանել-կոտորելն է, կներեք, անհնար է: Այն էլ՝ առանց երաշխավորների: Իսկ նրանք, ովքեր ձևացնում կամ կարծում են, թե դա հնարավոր է, ապա հրապարակային որակում տալը գնալով դժվար է դառնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում