Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

Առանց հանրային աջակցության. միակ հենարանը՝ վարչական ռեսուրսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցիոլոգիական ամենատարբեր հարցումները և, ընդհանուր առմամբ, երկրում առկա տրամադրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության վարկանիշը ձգտում է դեպի «պատմական մինիմումի»։ Դուրս եկեք փողոց ու պատահական անցորդի հարցրեք, և նա քննության չդիմացող փաստերով կհիմնավորի, թե ինչու պետք է ապաշնորհ, անկարող, մահաբեր ու կործանարար իշխանությունները հեռանան։ Ու հատկանշական է, որ իշխանությունների նկատմամբ դժգոհությունը մեծանում է նաև հանրության այն հատվածում, որը ժամանակին «կուրծք էր ծեծում» Փաշինյանի համար և բաց չէր թողնում նրա կողմից նախաձեռնված ոչ մի հանրահավաք կամ երթ, որպեսզի մասնակցեր «դըմփ-դըմփ-հու»-երի իրականացմանը, սակայն այսօր երանի է տալիս, որ մասնակցած չլիներ։ Նրանց մեղադրելն անթույլատրելի է, 2018 թվականին շատերն են սխալվել, ընդ որում՝ նաև օբյեկտիվ պատճառներով:

Գովելի է, որ շատերն անկեղծորեն իրենց մեջ ուժ են գտել՝ ընդունելու այդ սխալը: Ափսոս, մի փոքր ուշացումով. փաստացի տարիներ էին պետք, որպեսզի մարդկանց աչքերը բացվեն ու հասկանան, որ այս իշխանություններն ուղղակի արհավիրք են մեր պետության գլխին։ Առաջին հերթին նրանք ընդունակ չեն ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքացիների անվտանգությունը։ Այսպիսի թույլ ու դրսի ճնշումներին տեղի տվող ղեկավար երբեք չենք ունեցել։ Եթե իրեն երկրի ղեկավար համարող անձը հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում ու դա հիմնավորում է նրանով, որ երբ ինքը իշխանության է եկել, արդեն Արցախը հանձնված է եղել, ապա նույն տրամաբանությամբ էլ կարող է զիջել նաև Հայաստանի տարածքները ու հայտարարել, թե նախքան իր իշխանության գալն արդեն միջանցքն ու այլ տարածքներ խոստացել էին Ադրբեջանին։ Կամ՝ տվել:

Իշխանություններն առկա ծայրահեղ իրադրության մեղքը բարդում են նախկինների, ռուսների և այլ դերակատարների վրա՝ ներկայացնելով, թե իրենք ոչ մի մեղք չունեն, փորձել են ամեն ինչ անել իրավիճակը փրկելու համար, բայց ցավալիորեն չեն կարողացել։ Բերաբախտաբար, արդեն շատ քչերն են կուլ տալիս իշխանությունների այս պրիմիտիվ քարոզչական խայծերը։ Եվ իրենք՝ իշխանություններն էլ լավատեղյակ են, որ այլևս հանրային հենարան չունեն, ու իրենց հենարան են դարձնում բացառապես վարչական ռեսուրսն ու իրավապահ համակարգը: Ճիշտ է, երբեմն անգամ կեղծիքներն ու վարչական ռեսուրսը չեն փրկում իշխանություններին, ինչը ցույց տվեցին մասնավորաբար վերջին մեկ տարվա ՏԻՄ ընտրությունները։ Դրա համար էլ ողջ ուժով նրանք գործի են դնում հետապնդումների, ճնշումների գործիքակազմը ու ձգտում են իշխանազավթում իրականացնել։

Վարկանիշի անկմանը զուգահեռ, իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են դարձել։ Այդ իսկ պատճառով էլ, երբ որևէ համայնքում ընդդիմությունը հաղթանակ է տանում, ապա իշխանությունները գործի են դնում իրենց բոլոր իշխանական լծակները և իրավապահ մահակը, որպեսզի հեռացնեն կամ թույլ չտան պաշտոնավարել ընտրություններում հաղթած ու իրենց համար անցանկալի ուժի ներկայացուցչին։ Պատճառն այն է, որ ՏԻՄ մակարդակից սկսած իշխանական համակարգը կարող է փլուզվել, և իշխանությունները դիմադրում են, որպեսզի այն դոմինոյի էֆեկտ չստանա։ Բայց այդ դիմադրությունը երկիրը տանում է ավտորիտարիզմի ճանապարհով, չնայած իշխանությունները փորձում են եվրոպացի գործընկերների աջակցությունը ստանալ՝ երկրում ժողովրդավարության զարգացման մասին հեքիաթներ պատմելով։

Իշխանությունները ոչ միայն մնացել են առանց հենարանի, այլ նույնիսկ ավելի վատ վիճակում են, քան բոլոր նախկին իշխանություններն իրենց պաշտոնավարման վերջնակետին։ Իսկ ավելի պատկերավոր ասած՝ ներկայում Փաշինյանի իշխանությունն ուղղակի մազից է կախված, մի փոքր ցնցում, և այն իսկույն հիմնահատակ կտապալվի։ Ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, երբ հեռացող իշխանությունները փորձել են տարբեր ձևերով երկարեցնել իրենց պաշտոնավարումը, բայց դա երկար չի տևել, քանի որ նրանք, ի վերջո, հանդիպել են ժողովրդական դիմադրության։ Ինչ վերաբերում է հանրության անելիքներին, ապա հասարակությունում ավելի շատ սպասողական իրավիճակ է, քանի որ հանրությունը փնտրտուքների մեջ է, փորձում է գտնել այն ուժին կամ այն լիդերին, որը կկարողանա իշխանափոխությունից «5 պակաս» վիճակում իր վրա վերցնել պատասխանատվությունն ու հեռացնել իշխանություններին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում