Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան

Տարեսկզբին Ալիևի արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:
Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճգրտության դիվանագիտությունն է մեր պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:

Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցաբլիթերով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքտով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը;

Ընտրության տարբերակները քիչ են

Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել: Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերիի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:

Որևէ երկիրը չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպխի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսենսունսի ձևավորման նպատակով:

Արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը մեր ներքին համախմբան համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին: Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների, պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝ հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի:

Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
ՀՀ նախկին արտգործնախարար