Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ, ցանկության բացակայությունը՝ դիմակայել Հայաստանի առջև երկրաչափական պրոգրեսիայով աճող օրհասական սպառնալիքներին, թերևս աքսիոմ է: Թշնամական երկրի ղեկավարի վերջին սպառնալիքները և առաջիկա պատերազմի փաստացի ազդակը, բնականաբար, նույնպես ադեկվատ արձագանքի չարժանացավ նիկոլփաշինյանական խմբակի կողմից:
Թեպետ համարվում է, որ հայաստանյան հանրության ճնշող մեծամասնությունը, կարծես թե, անտարբեր է ոչ միայն քաղաքական անցուդարձին, այլև պետականության՝ որպես այդպիսին, գոյության հանդեպ, այնուհանդերձ գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, որոշումներ ընդունող շրջանակներում վաղուց արդիական է ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ միայն ծրագրեր և ուղիներ գտնելու հարցը, այլև այն, թե կոնկրետ ով կամ ովքեր կարող են և ի վիճակի են այդ բարդ առաքելությունը փորձել իրականացնել: Ընդ որում, պետք է արձանագրել, որ վերոհիշյալ խնդիրներից յուրաքանչյուրը ոչ միայն ինքնին շատ բարդ է, այլ նաև դրանք անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ նույնիսկ ամենափայլուն և իրատեսական թվացող ճանապարհային քարտեզը բավականին ռիսկային է այն իրագործողների համար և հղի է քաղաքական, իմիջային, ռեսուրսային և այլ անդառնալի կորուստներով: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում շատ մեծ խնդիր է նաև գտնել իրատեսությունից հնարավորինս ոչ զուրկ համախոհների այնպիսի թիմ, որն իր ղեկավարի առաջնորդությամբ կցանկանա ստանձնել պատասխանատվություն պետականության կորստին չափազանց մոտ կանգնած երկրի և նրա ժողովրդի ներկայի և ապագայի համար:
Այս պարագայում չափազանց կարևոր է դառնում որոշակի չափորոշիչների հստակեցումը, որոնց պետք է համապատասխանի պատասխանատվություն ստանձնելու պատրաստ քաղաքական մի թիմ, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից, և որը ավելի շատ իր առաքելությունը կընկալի որպես յուրահատուկ «կամիկաձեի» առաքելություն: Հիշատակված չափորոշիչների շուրջ արդեն իսկ անհրաժեշտ է ձևավորել հանրային և նոր ձևավորվող էլիտայի կոնսենսուս: Այս առումով, կարծես թե, քաղաքական պահանջարկը ձևավորման վերջնական փուլում է:
Ըստ այդմ, երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը, փաստացի ստանձնելով կործանման եզրին կանգնած պետականությունը, նախևառաջ պետք է օժտված լինի հակաճգնաժամային կառավարչի լուրջ հատկություններով: Բնականաբար, ցանկալի է, որ նա ունենա պետական կառավարման հաջողված փորձ, քաղաքական և պետական ոչ պոպուլ յար որոշումներ ընդունելու կամք և վճռականություն: Հաշվի առնելով երկրի արտաքին քաղաքական մեկուսացումը հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոններից՝ առաջնային նշանակություն է ստանում նաև երկրի ապագա հակաճգնաժամային ղեկավարի դիվանագիտական ունակությունները և արտաքին հիմնական խաղացողների հետ անձնական և պաշտոնական կապեր ու հարաբերություններ հաստատելու ունակությունը:
Ինքնին հասկանալի է, որ պետականությունը վերականգնելու գերծանր և պատասխանատու գործընթացը պահանջում է ժամացույցի պես աշխատող քաղաքական և մասնագիտական թիմ: Երկրի նոր առաջնորդը պետք է կարողանա նաև կորդինացնել պետական համակարգի աշխատանքը 24/7 ռեժիմով՝ միևնույն ժամանակ փորձելով ներդաշնակ և հնարավորինս հանդուրժողական մթնոլորտ ձևավորել ներքաղաքական և հանրային կյանքում, այդ թվում՝ նաև կադրային հարցերում, հրաժարվելով այսօր էլ Հայաստանում շատ պոպուլ յար «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքից: Սակայն չի բացառվում, որ ներկայում անվտանգային իմունիտետից զրկված և հակառակորդ երկրների համար «պռախադնոյ դվորի» վերածված Հայաստանում փորձեր լինեն սաբոտաժի, վնասարարությունների և նման այլ գործողությունների: Հակաճգնաժամային երկրի ղեկավարը, հասկանալի է, պետք է ամենակոշտ գործիքակազմերով հետևողականորեն և համակարգային կերպով կասեցնի նման զարգացումները:
Ինչևէ, ապագա ղեկավարի կերպարի շուրջ շահագրգիռ քննարկումը թերևս նաև հանրային և փորձագիտական քննարկման առարկա կարող է լինել, և միգուցե այդ դեպքում հանրային և ներքաղաքական դաշտը, ինչպես նաև արտաքին շահագրգիռ խաղացողները ավելի հստակ պատկերացումներ կունենան Հայաստանի ապագա իշխանությունների համապարփակ նկարագրի մասին, իսկ ընդդիմադիր դաշտը զերծ կմնա անպտուղ մրցակցությունից և գզվռտոցներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան