Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Ճիշտ է, երեկ Նիկոլ Փաշինյանը փորձեց «սրբագրել» իր «շվեյցարական ուրացումը» և հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, մասնավորաբար նշեց, թե Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։ Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ սա առաջին դեպքը չէ, քանի որ իշխանությունները պարբերաբար փորձել են պատմական իրողությունը կասկածի տակ դնող հայտարարություններ անել և քննարկումներ հարուցել մասնագիտական և հանրային շրջանակներում։

Հիշենք, որ անցած տարի ապրիլի 24-ին Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ խոսում էր ոչ թե Ցեղասպանության հանցագործության մասին, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից, որի իրավահաջորդն այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն է, այլ Մեծ եղեռնի, որը, նրա պատկերացմամբ, ուղղակի աղետալի իրադարձություն է, և պետք է մոռանալ դրա հետևանքների վերացման ու կորուսյալ հայրենիքի մասին։ Ամենացավալին այն է, որ նա փորձում էր տեղի ունեցած հանցագործության մեղքը բարդել հանցագործության զոհերի, այլ ոչ թե ոճրագործ պետության վրա։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշվում էր Նիկոլ Փաշինյանի՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ ծածուկ ներգրավվածության մասին։ Իշխանությունները չկարողացան հերքել այդ պնդումը, փոխարենը Լեմկինի ինստիտուտին մեղադրեցին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Իսկ Փաշինյանի արդեն այն հայտարարության վերաբերյալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, սակայն 1950 թվին այն հայտնվել է, Լեմկինի ինստիտուտն արձագանքեց՝ նշելով, որ այն կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։

Բայց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնելու խոսույթը միայն Փաշինյանով չի սահմանափակվում։ Նրա տարբեր թիմակիցներ և սատելիտներ ևս հանրային դաշտ են նետում ժխտողական թեզեր, որ, օրինակ՝ Հայաստանը չի կարող պահանջատեր լինել, պետք է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն և այլն։ Իշխանությունների այսպիսի մոտեցումը, բնականաբար, զուգահեռվում է նաև այն հանգամանքի հետ, որ Փաշինյանն իր հայտարարություններում ամեն կերպ պայքարում է նաև Արևմտյան Հայաստանի հետ կապված հանրային ընկալումների դեմ։ Դրա համար էլ նա մի կողմից՝ փորձում է հավաստիացնել, որ Արևմտյան Հայաստանը գտնվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ մյուս կողմից՝ ջնջել մեր կորուսյալ հայրենիքի հետ կապված ամեն բան, առաջին հերթին՝ սիմվոլիկան։

Բայց Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում պատմական փաստերը խեղաթյուրելու իր մոտեցման հարցում, այլև Արևմտյան Հայաստանի մասին մեր պատկերացումները համեմատում է ադրբեջանական կեղծիքների արգասիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման հետ։ Ըստ որում, նա այնքան է մտել իր նոր դերի մեջ, որ ամեն անգամ տվայտվում է այն հանգամանքից, որ մեր զինանշանի վրա պատկերված է Արարատը, իսկ Անկախության հռչակագրում նշվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին։

Իշխանությունը դիսկուրսի դաշտ ապահովելու համար փորձում է իր ժխտողական մոտեցումները համեմել որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստով, թե իբր կայսրությունն է (Խորհրդային կամ ռուսական) փորձել օգտագործել Հայոց ցեղասպանության և հայության կորուսյալ հայրենիքի թեման ընդդեմ Թուրքիայի։ Բայց այս հարցում ևս իշխանությունը սխալվում է կամ դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը, քանզի այնպես չէ, որ Խորհրդային Միությունը Հայոց ցեղասպանության թեման դարձրել էր առաջնահերթություն, անգամ որոշակի ժամանակահատվածներում թույլ չէր տրվում, որ թեման շատ բարձրացվի ու ճնշվում էր հայության ձայնը։

Մի խոսքով, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կամ դրա շուրջ «քննարկումների անհրաժեշտության» մասին թեզերը շրջանառության մեջ դնելով (ձեռքի հետ էլ՝ ձևականորեն նշելով, թե ոչ մի ուրացում չկա, քանի որ օգտագործվել է Ցեղասպանություն բառը), նպատակ կա որոշակի փոփոխություն կատարել հայության մտածելակերպում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության թեման որոշակի առումով նաև հայկական ինքնության մաս է կազմում։ Փաստացի Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու այն գործը, որը տարիներ շարունակ Թուրքիան էր նախաձեռնում ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելու ու տարբեր պաշտոնյաների կաշառելու միջոցով, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն իր թիմի հետ լավ էլ կատարում է։

Իհարկե, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի տեսակը՝ նրա հայտարարություններն էլ, տեսակետն էլ կարևոր չէին լինի, եթե նա պաշտոնատար անձ չլիներ ու պետություն չներկայացներ։ Այս պարագայում հանրությունն ու փորձագիտական շրջանակներն էլ ոչ թե թուրքական ժխտողականության դեմ են կենտրոնանում, այլ առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը։ Բայց եթե ունենայինք կայացած պետական համակարգ ու բարձր ինքնագիտակցություն ունեցող հանրություն, ապա Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող կամ նման հայտարարություններ անող պաշտոնյաներն, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու անկախ «սրբագրումներից», հաջորդ օրը հրաժարական կտային ու կբախվեին իրենց հայտարարությունների իրավական հետևանքներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում